Մատչելիության հղումներ

logo-print

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստան դիտորդներ կուղարկի պաշտոնական հրավեր ստանալուց անմիջապես հետո


ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելություն կուղարկի Հայաստան պաշտոնական հրավեր ստանալուց անմիջապես հետո: Այդ մասին հայտարարել է կառույցի ղեկավար Քրիստիան Շտրոհալը:

«Հայաստանյան ընտրությունները ավելի ուշ են կայանալու, ուստի այժմ մենք զբաղված ենք Վրաստանում, Ուզբեկստանում, Ղրղըզստանում սպասվող քվեարկություններով: Սակայն մենք միանշանակորեն պատրաստ կլինենք հայաստանյան ընտրություններին` հենց որ հրավեր ստանանք», - ասել է Շտրոհալը:

Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է իր ղեկավարած կառույցի նկատմամբ պաշտոնական Մոսկվայի որդեգրած քաղաքականությանը:

Հարցին` կարո՞ղ է արդյոք մարտի 2-ի նախագահական ընտրությունների շեմին կրկնվել նույն պատմությունը, որը տեղի ունեցավ Պետդումայի ընտրություններից առաջ, երբ Ռուսաստանը նախապայմաններ առաջ քաշեց` փաստորեն տապալելով ԵԱՀԿ-ի դիտորդների ժամանումը երկիր, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ղեկավարը արձագանքել է. - «ԵԱՀԿ-ի անդամ բոլոր 56 պետությունները պարտավորություն են ստանձնել դիտորդներ հրավիրել` հետեւելու ընտրությունների անցկացմանը: Մենք հույս ունենք, որ մեզ կհրավիրեն, կհրավիրեն ճիշտ ժամանակին եւ այնպիսի պայմաններով, որոնք մեզ թույլ կտան դիտարկել առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքը»:

Այսօր, սակայն, ԵԱՀԿ-ի դիտորդները հիմնական շեշտը դրել են Վրաստանի նախագահական ընտրությունները դիտարկող առաքելության ձեւավորման վրա:

«Առաջիկա հանգստյան օրերին մեր դիտորդները կսկսեն մեկնել Վրաստան: Գործելու են ե’ւ երկարաժամկետ, ե’ւ կարճաժամկետ դիտորդական առաքելություններ», - ասել է Շտրոհալը եւ վստահեցրել. - «Պետք է ասեմ, որ մեր գրասենյակը լիակատար աջակցություն է ստանում տեղում` շահագրգիռ անձանց կողմից: Սա կարեւոր է` հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ քիչ ժամանակ է մնացել քվեարկության օրվան. ի վերջո, պետք չէ մոռանալ, որ սրանք արտահերթ ընտրություններ են»:

«Վստահ եմ, որ շատ լավ դիտարկում է լինելու», - հայտարարել է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրենը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG