Մատչելիության հղումներ

Լադո Գուրգենիձե. «Վրաստանը վստահ է, որ վաղ թե ուշ ընդգրկվելու է ՆԱՏՕ-ի կազմում»


«Վրաստանը վստահ է, որ վաղ թե ուշ ընդգրկվելու է ՆԱՏՕ-ի կազմում», - հայտարարել է Վրաստանի նորանշանակ վարչապետ Lադո Գուրգենիձեն «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում:

Եվրոպական կառույցներին եւ Հյուսիսատլանտյան դաշինքին իր երկրի անդամակցության հնարավորությունները քննարկելու նպատակով երեկ Վրաստանի վարչապետը ժամանել էր Բրյուսել:

«Եկել եմ բացատրելու, թե ինչ տեղի ունեցավ Վրաստանում վերջին ամիսներին եւ ինչ է սպասվում ապագայում», - ասել է Գուրգենիձեն:
«Այս այցը մեր եվրոպացի ընկերներին ու գործընկերներին հնարավորություն է տալիս ավելի շատ տեղեկություններ ստանալ արդեն տեղի ունեցած, եւ որ ամենակարեւորն է` սպասվող իրադարձությունների մասին` ազատ ու արդար ընտրությունների առումով, որոնց անցկացման վերաբերյալ մենք հստակ պարտավորություն ենք ստանձնել», - նշել է Վրաստանի վարչապետը:

Գուրգենիձեն ընդունել է այն սխալները, որ պաշտոնական Թբիլիսին թույլ տվեց նոյեմբերի 7-ին` ընդդիմության հանրահավաքը բռնությամբ ցրելու ժամանակ: «Այդ գործողությունները մեկ քայլ ետ տարան ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ Վրաստանի հարաբերությունները», - խոստովանել է Lադո Գուրգենիձեն եւ հավաստիացրել. - «Ապագայում ցանկացած դժգոհության ցույցի կվերաբերվենք զուսպ ու հավասարակշռված»:

«Միեւնույն ժամանակ, պետք է հստակ տարանջատել նոյեմբերի 7-ին ընդունված որոշումները, որոնք, կարծում եմ, պատասխանատու որոշումներ էին, եւ դրանց իրականացման մեթոդները, որոնք միանշանակորեն անթերի չէին», - ասել է Վրաստանի վարչապետը:

«Վրաստանի հաջող կառավաման հիմնական բանալին եղել եւ մնում է աղքատության եւ գործազրկության կրճատումը», - ասել է Lադո Գուրգենիձեն. - «Քանի դեռ այս խնդիրներ լուծված չեն, Վրաստանում իրականացվող ցավոտ, բայց անհրաժեշտ բարեփոխումները պարարտ հող կարող են ստեղծել թե’ պատճառաբանված, թե’ դրսից հրահրվող դժգոհությունների համար»:

«Մենք պատրաստ ենք նաեւ բարիդրացիական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, եթե Ռուսաստանն ընդունի ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանն անդամակցելու` պաշտոնական Թբիլիսիի ցանկություններն ու դադարի հրահրել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անջատողականներին», - հայտարարել է Վրաստանի վարչապետն ու ընդգծել. - «Այս հարցերից բացի` մնացած ամեն ինչի շուրջ հնարավոր է բանակցել»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG