Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Գոլոս Արմենիի» թերթի հարցազրույցում քաղաքական գնահատականներ տալով ՀՀՇ-ի իշխանության տարիների գործունեությանը` նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես ասել է. - «Այսօր ես բացեիբաց ասում եմ, որ ՀՀՇ-ն չարաշահել է ժողովրդի վստահությունը։ ՀՀՇ-ն փլուզել է երկրի տնտեսությունը` Հայաստանը դարձնելով աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը։ ՀՀՇ-ն իշխանության եկավ ղարաբաղյան շարժման ալիքի վրա եւ դավաճանեց նրան»։ «ՀՀՇ-ին խորթ է ազգային գաղափարախոսությունը, նա պատրաստ է մոռանալ ցեղասպանությունը եւ Հայաստանը դարձնել Թուրքիայի կցորդ», - պնդել է Ռոբերտ Քոչարյանը եւ անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վարքագծին` գնահատել. - «Ինձ թվում է, որ ՀՀՇ-ի հիմնական խնդիրը իր թեկնածուին ընդդիմադիր դաշտում որպես գլխավոր ներկայացնելն է։ Պատկերավոր ասած, նա ընդդիմությանը կարծես թե ասաց՝ ես ձեր պապան եմ, պատրաստ եմ ձեզ ղեկավարել, եւ հնազանդության դեպքում ձեր նկատմամբ ներողամիտ կլինեմ»։ «Այդ խնդիրը հիմնավորապես ձախողվեց», - պնդել է Ռոբերտ Քոչարյանն ու հավելել. - «Ընդդիմության ղեկավար նա չդարձավ։ Հանրահավաքները մարդկանց հակառակում համոզեցին։ Սակայն նստվածքը մնաց։ Չարությունը, որը նա շպրտեց հասարակության վրա, վերադառնում է իրեն»։

Փորձելով հասկանալ, թե ինչո՞ւ է վարչապետ Սերժ Սարգսյանը հաճախակի վկայակոչում միջազգային սոցիոլոգիական կառույցների, մասնավորապես, «Քոմրես»-ի եւ «Գելափ»-ի կողմից իրեն շնորհված բարձր վարկանիշները, «Ժամանակ Երեւան» թերթի մեկնաբանը փաստարկել է. - «Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի խնդիրը ոչ հասարակությանը եւ ոչ էլ առավել եւս ինքն իրեն համոզելը չէ։ Նրա խնդիրը եղել է ու թերեւս մինչ փետրվարի 19-ը լինելու է այն, որ սեփական շրջապատին համոզի իր անմրցակից լինելը»։ «Իսկ նրա իրական շրջապատն ամենեւին էլ Արմեն Աշոտյանը, Սամվել Նիկոյանը կամ Գալուստ Սահակյանը չեն», - պնդել է մեկնաբանն ու հավելել. - «Վարչապետի իրական շրջապատն այսօր տարակուսանքի մեջ է, հատկապես այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե ապագա նախագահը չի կարողանալու պորտֆելներ բաժանել իր տակիններին»։ «Ո՞վ է բաժանելու այդ ամենը՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Ռոբերտ Քոչարյանը։ Իսկ եթե ոչ մեկը, ոչ մյուսը։ Սրանք հարցեր են, որոնք իշխանական վերնախավի շուրջ բրգվածների համար վաղուց պետք է ստացած լինեին իրենց պատասխանները», - եզրափակել է մեկնաբանը։

«Որքանո՞վ են հիմնավորված սոցիոլոգների հանդեպ դժգոհությունները», - հարցին ի պատասխան «Հայոց Աշխարհ» թերթի վերլուծաբանը նկատել է. - «Պետք է հաշվի առնել, որ հարցումները տալիս են նախապատվությունների միայն ընդհանուր պատկերը, դրանք որսում են մթնոլորտի ընթացիկ վիճակը»։ «Սոցիոլոգներն ասես օդերեւութաբաններ լինեն. վերջիններս չափազանց ստույգ պատմում են մեզ, թե որտեղից ու դեպի ուր են շարժվում ցիկլոններն ու հակացիկլոնները, բայց հենց որ խոսքը հասնում է նրան, թե ինչ եղանակ է լինելու վաղը, սխալների հավանականությունը կտրուկ աճում է», - ընդգծել է վերլուծաբանն ու հավելել. - «Իրականում սոցիոլոգների հանդեպ անվստահությունը դեպքերի մեծամասնությամբ բացատրվում է նրանով, որ հրապարակված թվերն ինչ-որ մեկին դուր չեն գալիս։ Այնինչ, եթե գոնե քաղաքական գործիչներն ու քաղաքագետները կարողանային ճիշտ ձեւով կարդալ սոցիոլոգիական տվյալները, ապա սոցիոլոգների հանդեպ դժգոհություններն անհամեմատ քիչ կլինեին»։

«Առողջ եւ անառողջ մոտեցումներ» վերնագրի տակ «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը հարցրել է. - «Պատկերացնո՞ւմ եք ինչ կլիներ, եթե 90-ականների առաջին կեսին ՀՀ նախագահի համար անձնական ինքնաթիռ գնվեր 45 միլիոն դոլարով։ Ընդդիմությունն առնվազն երկու ամիս դրա մասին կխոսեր՝ համարելով նման գործարքը աններելի ճոխություն։ Մասնավորապես, կբերվեր այն փաստարկը, թե այդ գումարները պետք էր ծախսել թոշակառուների եւ այլ անապահով խավերի վրա, իսկ իշխանությունը մտածում է ոչ թե այդ խավերի, այլ իր հարմարավետության մասին։ Այսօր, երբ այդ ինքնաթիռը ձեռք է բերվել, նման խոսակցություններ գրեթե չեն հնչում»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG