Մատչելիության հղումներ

«Ազգային վերածնունդ»-ի համագումարը որոշում ընդունեց ՀՌԱԿ-ի հետ կուսակցության միավորման մասին


«Ազգային վերածնունդ» կուսակցությունն այսօր կայացած վերջին համագումարում որոշեց վերակազմավորվել եւ միավորվել Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) հետ:

Որոշումն ընդունվեց միաձայն, ինչից հետո կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը շնորհավորեց բոլորին` ճիշտ որոշում կայացնելու համար:

«Մեկ անգամ եւս ուզում եմ փաստել, որ մենք ճշմարիտ ուղու վրա ենք: Այս կերպ եթե շարունակեինք գործել որպես առանձին կուսակցություն` չունենալով հնարավորություններ մասնակցելու ո’չ խորհրդարանական ընտրություններին, ո’չ նախագահական ընտրություններին, մենք չէինք կարող իրագործված տեսնել մեր ծրագրերը եւ կենսագործել մեր երազանքը` հայ ժողովրդին բերել մի նոր ազգային վերածնունդ», - հայտարարեց Բազեյանը իր ելույթում:

Թե արդեն լուծարված «Ազգային վերածնունդ»-ի անդամները ո՞ւմ կպաշտպանեն առաջիկա նախագահական ընտրություններում` Բազեյանը հայտարարեց, որ այդ հարցը կորոշեն ՀՌԱԿ-ի եւ «Դաշինք» կուսակցության հետ համատեղ անցկացվելիք միավորիչ համագումարում:

«Ազատություն» ռադիոկայանին, այդուհանդերձ, հաջողվեց պարզել, որ այսօրվա համագումարին մասնակցողների մեծ մասը «Ազգային վերածնունդ»-ի հետ կապ չունեին, ավելին` ձեռքին մանդատ ունեցողները տեղյակ էլ չէին, թե ուր են եկել եւ ինչի համար: Պարզվեց, օրինակ, որ որպես պատվիրակներ համագումարին մասնակցում են ջազային քոլեջի առաջին կուրսի ուսանողուհիներ, այլ ուսանող-«պատվիրակներ», որոնք չգիտեին, որ իրենք «կուսակցական» են, ավելին` տեղյակ չէին, թե ինչ է մանդատը:

Ալբերտ Բազեյանը, սակայն, կտրականապես բացառեց, թե կուսակցության հետ կապ չունեցող մարդիկ են մասնակցել համագումարին:

«Բոլոր ներկաները, որոնք ստացել են մանդատներ, կուսակցության անդամներ են, իսկ ձեր ասած ջազ-քոլեջի ուսանողուհիները կուսակցության երիտասարդական կառույցի անդամներ են», - լրագրողներին վստահեցրեց նա:

«Ազգային վերածնունդ»-ից հեռացված քաղխորհրդի մի շարք անդամներ պնդում են, որ կուսակցության մեծամասնությունը դեմ է եղել ՀՌԱԿ-ին միավորվելու որոշմանը:

Մասնավորապես, Սիմոն Գրիգորյանը, ով ղեկավարել է կուսակցության Արագածոտնի կառույցը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե Բազեյանի որոշմանը աջակցել է ընդամենը 50 մարդ, իսկ դեմ է արտահայտվել մոտ հազար մարդ: Հետեւաբար, իրենք անցկացնելու են առանձին համագումար, որտեղ եւ որոշելու են, թե ում են պաշտպանելու առաջիկա նախագահական ընտրություններում:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG