Մատչելիության հղումներ

logo-print

«Թըրքիշ դեյլի նյուս». «Տեր-Պետրոսյանը շատ ավելի լավը կլիներ Քոչարյանից եւ Սարգսյանից»


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր֊-Պետրոսյանը Թուրքիայի համար շատ ավելի լավը կլիներ, քան ներկա նախագահ Ռոբերտ Քոչարյանը կամ նախագահության թեկնածու Սերժ Սարգսյանը: Նման եզրակացության է հանգել «Թըրքիշ դեյլի նյուս»-ում այսօր լույս տեսած հոդվածի հեղինակը` վերլուծելով Հայաստանի ներքաղաքական գործընթացները հայ - թուրքական եւ հայ - ադրբեջանական հարաբերությունների նորմալացման հնարավորության տեսանկյունից:

Հոդվածագիր Ջեմ Օգյուզը նշում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, վերադառնալով քաղաքականություն եւ 2008-ի նախագահական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելով, իր հրապարակային ելույթներում ընդգծում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալացնելու եւ երկրի տարածաշրջանային մեկուսացմանը վերջ տալու անհրաժեշտությունը, ինչին, ըստ Հայաստանի առաջին նախագահի, խոչընդոտում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորած «ավազակապետության» վարած քաղաքականությունը:

Հիշեցնելով, որ հենց Տեր-Պետրոսյանն էր գլխավորում 1988 թվականի սկզբներին հիմնված «Ղարաբաղ» կոմիտեն, հոդվածագիրը շարունակում է, թե «1998 թվականին ղարաբաղյան վեճի աստիճանական լուծում ենթադրող միջազգային խաղաղության օգտին հանդես գալու համար նրան հրաժարական պարտադրեցին իր առանցքային նախարարները` այն ժամանակվա վարչապետ Քոչարյանի, ինչպես նաեւ Սարգսյանի գլխավորությամբ»:

«Իրո՞ք նա այժմ անկեղծ է, կամ ավելի անկեղծ է, քան Քոչարյանը եւ նրա զինակիցները», - հարց է տալիս Օգյուզը: - «Ադրբեջանցիները այդպես չեն կարծում: Նրանք գտնում են, որ Միացյալ Նահանգները կարող է սատարել Տեր-Պետրոսյանին` հույսով, որ նա կորդեգրի ավելի արեւմտամետ դիրքորոշում եւ կնպաստի Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության կրճատմանը: Նրանք նաեւ վախենում են այն հնարավորությունից, որ Վաշինգտոնը կարող է Բաքվի նկատմամբ ճնշում գործադրել` ղարաբաղյան հակամարտության որեւէ լուծում պարտադրելով»:

«Կարո՞ղ է արդյոք Տեր-Պետրոսյանի ընտրությունը իրոք լույս դառնալ թունելի վերջում: Անկեղծորեն ասած` կասկածում եմ: Սակայն հստակ է, որ նա շատ ավելի լավը կլիներ, քան Քոչարյանը եւ Սարգսյանը», - ամփոփում է իր հոդվածը «Թըրքիշ դեյլի նյուս»-ի մեկնաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG