Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանին սատարող ուժերը ձեւավորում են «Լեգիտիմ նախագահ - 2008» շարժում


«Լեգիտիմ նախագահ - 2008» շարժման նախաձեռնող խումբը, որի անդամները սատարում են հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, պատրաստվում է մի շարք քայլեր ձեռնարկել` ուղղված 2008 թվականի փետրվարի 19-ին ոչ լեգիտիմ նախագահի ընտրության բացառմանը:

Մասնավորապես, շարժման նախաձեռնող խմբի անդամ, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը այսօրվա ասուլիսում կոչ արեց նախագահի բոլոր այն թեկնածուներին, ովքեր տարբեր պաշտոններ են զբաղեցնում, հրաժարական տալ, քանի որ դա ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու կարեւոր նախապայման է:

Հրաժարականի կոչը Գառնիկ Մարգարյանը ուղղեց նախեւառաջ վարչապետ Սերժ Սարգսյանին. - «Մենք ժողովրդին բերելու ենք հանրահավաքի, գնալու ենք ժողովի, պահանջելու ենք եւ ստիպելու ենք, որ նա տա հրաժարական, որպեսզի երկրում, ըստ Սահմանադրության, ստեղծվեն հավասար պայմաններ` ընտրելու, ընտրվելու, դառնալու նախագահ»:

Նրա կարծիքով, «մոտ օրերի ընթացքում մի հսկա ուժ է ձեւավորվելու, եւ այդ ուժը իր վրա է վերցնելու ամբողջ պատասխանատվությունը»:

Նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ` Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը, տեղեկացրեց, որ Տեր-Պետրոսյանին աջակցող բոլոր կուսակցություններն ու ուժերը, ինչպես նաեւ Մտավորականների ֆորումը աջակցելու են նորաստեղծ շարժմանը:

Նախաձեռնողների կարծիքով, ճիշտ կլիներ, որպեսզի «Լեգիտիմ նախագահ - 2008» շարժմանը միանային նաեւ այն քաղաքական ուժերը, որոնք թեեւ չեն սատարում Տեր-Պետրոսյանին, բայց ցանկանում են ազատ եւ արդար ընտրություններ:

Շարժման նախաձեռնող խմբի անդամները պատրաստվում են նաեւ հանրությանը ներկայացնել մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած ընտրակեղծիքները, ընտրողներին բացատրել իրենց ձայնը 5 կամ 10 հազար դրամով վաճառելու հետեւանքները:

«Հասարակությունը պետք է գիտակցի, որ եթե ժողովուրդը թույլ տվեց, ապա 2008-ի փետրվարին տեղի կունենա կրիմինալ հեղաշրջման երրորդ` վերջնական փուլը», - հայտարարեց Գառնիկ Մարգարյանը, ով խորհրդարանական ընտրություններից առաջ նախաձեռնել էր նաեւ հակակրիմինալ շարժումը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG