Մատչելիության հղումներ

logo-print
Արեւմուտքից լուրջ քննադատություն է հնչում Ռուսաստանում կիրակի օրը անցկացված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար 3աապ դե Հոոպ Սխեֆերը մտահոգություն է հայտնել Ռուսաստանում ժողովների եւ խոսքի ազատության ոտնահարման կապակցությամբ` միաժամանակ հավելելով, որ «ՆԱՏՕ-ն մտադիր է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ, քանի որ մենք պետք ենք միմյանց»:

Մտահոգություն է հայտնել նաեւ Միացյալ Նահանգները: Սպիտակ տան ներկայացուցիչ Դանա Փերինոյի խոսքերով` կան ընտրությունների ընթացքում խախտումների մասին վկայող հաղորդագրություններ:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ու Եվրոպայում Անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը կիրակի օրվա քվեարկությունն անվանել են «կառավարվող ընտրություններ»:

ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերն ասել է, որ ընտրությունները շատ առումներով չեն համապատասխանում միջազգայնորեն ընդունված չափանիշներին:

Բավական կոշտ են արտահայտվել առանձին երկրներ: Գերմանիայի կառավարության խոսնակ Թոմաս Շթեգը ասել է, թե «Ռուսաստանը ժողովրդավարական չէր եւ չէ, այս ընտրությունները արդար եւ ժողովրդավարական չեն»:

«Մեզ անհանգստացնում են խախտումների մասին հաղորդագրությունները: Երեւում է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապված կուսակցությունը շատ հզոր դիրք է ապահովել, բայց, բոլոր դեպքերում, սա ռուսների ընտրությունն է, եւ ես չեմ տեսնում այդ ընտրությունը կասկածի տակ առնելու որեւէ առիթ», - հայտարարել է Լեհաստանի նորընտիր վարչապետ Դոնալ Տուսկը:

Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն` Վլադիմիր Պուտինին կիրակնօրյա ընտրությունների առիթով հեռախոսով շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:

Մինչդեռ, խոշոր բորսաներն ու բանկերը այս պահին դրական են արձագանքում: Վերլուծաբանները նշում են, որ ֆինանսական հաստատությունները, նավթի, գազի եւ այլ հումքի շուկաները քաղաքական ցնցումներ չեն սիրում եւ միշտ բնազդաբար նախընտրում են անդորրն ու խաղի պարզ կանոնները` պայման, որը, ըստ նրանց, Վլադիմիր Պուտինը կարողանում է ապահովել:

Դեկտեմբերի 2-ի Պետդումայի ընտրությունների արդյունքների համաձայն` «Եդինայա Ռոսիա» («Միասնական Ռուսաստան») կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է նախագահ Պուտինը, սահմանադրական մեծամասնություն է ապահովել խորհրդարանի ստորին պալատում եւ, ըստ որոշ հաղորդագրությունների, Դումայում որեւէ այլ կուսակցության հետ իշխանությունը կիսելու մտադրություն չունի: Երկրորդը կոմունիստներն են, երրորդ եւ չորրորդ տեղերում են լիբերալ-դեմոկրատները եւ «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն («Արդար Ռուսաստան»):

Հիշյալ քառյակից միայն կոմունիստներն են լուրջ ընդդիմություն, բայց չորսն էլ այսպես կոչված «գոսուդարստվեննիկ» են, այսինքն` հզոր, կենտրոնաձիգ պետության ջատագովներ, որոնց միավորում է նաեւ այն համոզմունքը, թե դրսի աշխարհը միջամտում է երկրի ներքին գործերին, սատարում է ընդդիմությանը, արեւմտյան արժեքներ է քարոզում եւ ցանկանում է թուլացնել երկիրը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG