Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը, հակադրվելով այն տեսակետին, թե «Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է հնարավորինս տարանջատվել նախկին թիմակիցներից եւ «հընթացս» ձեւավորել նոր քաղաքական թիմ», փաստարկել է. - «Ուշադիր դիտորդի համար անմիջապես ակնհայտ է դառնում, որ «հանրահավաքային գործիչների» շրջանակին Տեր-Պետրոսյանի քարոզչական ռազմավարության մեջ վերապահված է ոչ թե քաղաքական դիրքորոշումներ արտահայտելու, այլ ընդհանուր շոուի մասը կազմելու «առաքելությունը»։ «Այսպիսով, «դամքյաշների» այս խմբի ներկայությունը սոսկ արտաքին շղարշ է, որի միջոցով լուծվում է ժողովրդի մեջ «նոր թիմի» պատրանք ստեղծելու խնդիրը», - գրել է մեկնաբանն ու հավելել. - «Այսքանը բավական է եզրակացնելու համար, որ Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմը ամենեւին չի փոխվել։ Նախկինների հայտնի թիմի քողարկված վերադարձն ապահովող այս բեմականացման մեջ առայժմ բացակայում է միայն մեկ գործող անձ՝ Վանո Սիրադեղյանը, որին դեռեւս «հեռակա կարգով» են ծափահարում»։

«Տարեգիր»-ը հայտնում է, որ նախանցյալ շաբաթ տեղի է ունեցել 2004 թվականի ապրիլի լույս 13-ի գիշերը ոստիկանի գլխին պլաստիկե շշով հարվածած եւ ազատազրկման դատապարտված Էդգար Առաքելյանի հարսանիքը: Ըստ թերթի` հարսանիքին մասնակցել է ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ով իր ելույթում հարսանքավորներին կոչ է արել մասնակցել դեկտեմբերի 8-ին ժամը 15:00-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքին: «Կոչն ընդունվել է հարսանքավորների բուռն ծափահարություններով», - վկայում է «Տարեգիր»-ը:

«168 ժամ»-ի տեղեկություններով, ստուգումներ են սպասվում «Հայէկոնոմբանկում», որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է Սուքիասյան ընտանիքին: «Ըստ ամենայնի, Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցություն հայտնած գործարարին սպասում են նոր փորձություններ», - ենթադրում է թերթը: «168 ժամ»-ի աղբյուրը չի բացառում, որ «Հայաստանի Հանրապետության խոշորագույն բանկերից մեկը ստուգումների արդյունքում կանգնի լուրջ խնդիրների առաջ, եւ որպես հետեւանք` կարող է տեղի ունենալ նաեւ սեփականատիրոջ փոփոխություն»:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, տարակուսելով, որ հանրապետության նախագահի սպասարկման նպատակով ձեռք բերված «Էյրբաս» A-319 մակնիշի ինքնաթիռի համար 15 միլիոն դոլար կանխավճարը մասնավոր անձանց գրպանից է վճարվել, գնահատել է. - «Այս ամենը պակաս կասկածելի կլիներ, եթե վճարողների անունները հրապարակվեին։ Այդ դեպքում Հայաստանի հասարակությունը հնարավորություն կունենար եզրահանգում կատարել։ Մասնավորապես, այդ «բարերարների» անունները հրապարակելու դեպքում թերեւս պարզ կլիներ, թե նրանք ինչու են որոշել Հայաստանին նման «նվեր» մատուցել։ Այլ կերպ ասած` գումարի ծագման գաղտնիությունը կասկածների տեղիք է տալիս առ այն, որ միգուցե վճարողներն այդ կերպ վարձահատույց են լինում՝ Հայաստանի որեւէ ոլորտում մենաշնորհ ստանալու կամ որեւէ ոլորտում գործունեություն ծավալելու իշխանական դաբրո ստանալու համար»։

«Ժամանակ Երեւան»-ի փոխանցմամբ, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը Կենտրոնի կառուցապատումից տուժած քաղաքացիների բողոքի ակցիաները կասեցնելու նոր մեթոդ է մշակել. - «Փոխհատուցումից դժգոհ քաղաքացիներին առաջարկվում է ստորագրել դիմումի ձեւ, որով վերջիններս խնդրում են քաղաքապետին «հնարավորության սահմաններում տալ օգնություն» բնակարան գնելու համար` փոխարենը պարտավորվելով «այլեւս ոչ մի ֆինանսական եւ այլ պահանջներ չներկայացնել ու բողոքի ակցիաներին (միտինգներ) չմասնակցել»: Թերթի պնդմամբ, այդպիսի դիմումի տակ արդեն իսկ ստորագրել են 10 քաղաքացիներ:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG