Մատչելիության հղումներ

Երեւանում նշվեց հաշմանդամների համաշխարհային օրը


Բոլոր ներկաներին առաջարկ արվեց նստել հաշմանդամի սայլակին եւ ասիստենտների օգնությամբ բարձրանալ կենտրոնի երկրորդ հարկ, որտեղ էլ նախատեսված էր անցկացնել միջոցառումը: Առաջարկն ընդունեց լրագրողներից մեկը եւ բրիտանական դեսպանատան ծրագրերի ղեկավար Նաիրա Սուլթանյանը:

«Ապրումները շատ վախենալու էին, սայլակը չէր ենթարկվում, անընդհատ աջ ու ձախ էր պտտվում: Ես հասկացա, թե որքան անպաշտպան եմ: Մենք բոլորս` քայլել կարողացողներս, պիտի ամեն ինչ անենք, որպեսզի ապահովենք նրանց անարգել երթեւեկումը»,- սայլակից իջնելուց հետո ասաց Նաիրա Սուլթանյանը:

Առաջարկը մերժեցին հրավիրված երկու պաշտոնյաները: Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պատճառաբանեց, թե ինքն առանց այդ էլ քաջատեղյակ է սայլակին նստած հաշմանդամի խնդիրներին ու կարիք չունի նստել սայլակին: Իսկ խորհրդարանի սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետներից մեկն էլ սայլակով երկրորդ հարկ բարձրանալու առաջարկը մերժելը հիմնավորեց այս կերպ. - «Ես բարդույթ չունեմ, պարզապես տեխնիկական անհարմարությունները թույլ չեն տալիս ինձ սայլակին նստել»:

Միջոցառման ընթացքում կայացավ «Հաշմանդամների իրավունքների միջազգային մոնիտոր» կազմակերպության կողմից հրապարակված Եվրոպայի տարածաշրջանի զեկույցի շնորհանդեսը: Զեկույցի հեղինակները հաշմանդամներ են: Երկուշաբթի օրն այդ զեկույցը պաշտոնապես ներկայացվել է ողջ Եվրոպայում: Այն ընդգրկում է Եվրոպայի 14 երկրներում հաշմանդամների իրավունքների պաշտպանության վերաբերյալ տվյալներ եւ համեմատական վերլուծություն: Վերլուծության արդյունքում կազմվել է աղյուսակ` ըստ յուրաքանչյուր երկրում հաշմանդամների իրավունքների պաշտպանության մակարդակի, որում Հայաստանը զբաղեցնում է 5-րդ տեղը: Առաջին տեղում Ֆինլանդիան է, իսկ ցուցակը եզրափակող երկիրը Թուրքիան է:

«Ունիսոն»-ի նախագահ Արմեն Ալավերդյանը, ով նաեւ նշված զեկույցի հեղինակն է Հայաստանի մասով, ասաց, թե այն, որ Հայաստանը 5-րդ տեղն է զբաղեցնում, դեռ չի նշանակում, որ մեզ մոտ բոլոր հարցերը լուծված են:

«Հաշմանդամների զբաղվածության հարցն, օրինակ, հեռու է բավարար լինելուց: Սպասարկման ոլորտում` հատկապես երթեւեկության հետ կապված, դեռ նկատվում է անբարյացկամ վերաբերմունք հաշմանդամ ուղեւորի նկատմամբ, բուհերը անմատչելի են տեղաշարժման դժվարություն ունեցողների համար»,- եզրափակեց Արմեն Ալավերդյանը:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG