Մատչելիության հղումներ

«Դոկտոր մահը» շարունակում է պնդել իր իրավացիությունը


Անցած շաբաթավերջին ելույթ ունենալով Ուեյնի համալսարանի ուսանողության առջեւ` ամերիկացի հայազգի բժիշկ Ջեկ Գեւորգյանը, ով հայտնի է «Դոկտոր մահ» մականունով, պնդել է, թե ճիշտ է վարվել` անբուժելի հիվանդներին օգնելով հեռանալ կյանքից:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ, Ջեկ Գեւորգյանը իր գործողություններն արդարացրել է ԱՄՆ-ի Սահմանադրության 9-րդ ուղղմամբ, որը, նրա մեկնաբանությամբ, ամերիկացիներին իրավունք է վերապահում անել իրենց ցանկացածը, եթե դա չի վնասում այլոց:

«Ես կատարել եմ իմ պարտքը` որպես բժիշկ», - հայտարարել է Գեւորգյանը: - «Մարդը ուզել է մեռնել: Նա ասել է. - «Խնդրում եմ, օգնեք»: Ես բժիշկ եմ: Ի՞նչ պետք է անեի` թողնեի, որ նա տառապի՞»:

«Դոկտոր մահը» ուսանողներին կոչ է արել զգուշանալ կառավարությունից եւ դատական համակարգից, որոնց նա մեղադրել է «անազնիվ եւ կոռումպացված» լինելու մեջ:

79-ամյա Գեւորգյանը պնդում է, թե 1990-98 թվականներին օգնել է կյանքից հեռանալ առնվազն 130 ծանր հիվանդի: 52-ամյա մի անբուժելի հիվանդի ինքնասպանությանն օժանդակելու համար «Դոկտոր մահը» 1999 թվականին ազատազրկվել էր սպանության մեղադրանքով եւ միայն կես տարի առաջ է պայմանականորեն ազատվել բանտից` խոստանալով այլեւս չզբաղվել նման գործունեությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG