Մատչելիության հղումներ

Հայաստանը ներկայացուցչական նպատակներով շահագործելու համար ձեռք է բերել Ա-319 ինքնաթիռ


Օրերս Հայաստանը ձեռք է բերել 1998 թվականի արտադրության «Էյրբաս» Ա-319 ինքնաթիռ, որը նախատեսվում է շահագործել ներկայացուցչական նպատակներով` մինչ այդ օգտագործվող 1977 թվականի արտադրության Տու-134 ինքնաթիռի փոխարեն: Ինքնաթիռի հիմնական օգտագործողն է լինելու հանրապետության նախագահը, ինչպես նաեւ, ըստ անհրաժեշտության, այլ բարձրաստիճան անձանց գլխավորած պատվիրակությունները` արտասահմանյան այցերի մեկնելիս:

Ա-319 ինքնաթիռը ձեռք է բերվել արեւելյան ավիացիոն շուկաներից մե-կում: Գործարքի արժեքը կազմել է 45 միլիոն դոլար: Նշված գումարից 15 միլիոնը արդեն իսկ վճարել են հայ բարերարները, որոնց անունները իրենց խնդրանքով չեն հրապարակվում: Մնացյալ գումարը վճարելու նպատակով ձեւակերպվել է վարկ` 10 տարի մարման ժամկետով: Ինքնաթիռի սպասարկումն իրականացնելու է «Արմավիա» ընկերությունը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` տվյալ օդանավի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ այն տեխնիկապես թարմ վիճակում է եւ օգտագործվել է ընդամենը 3707 թռիչք/ժամ, կահավորանքը համապատասխանում է ներկայացուցչական դասին ու չի պահանջում լրացուցիչ ծախսեր:

Հաղորդագրությունում նշված է, որ տարածաշրջանի երկրներում Տու-134 օդանավերը որպես ներկայացուցչական վաղուց չեն օգտագործվում, քանի որ չեն համապատասխանում ավիացիոն արդի մի շարք պահանջների, այդ թվում` գերազանցում են աղմուկի թույլատրելի չափը, ինչի պատճառով արգելված է դրանց մուտքը եվրոպական օդանավակայաններ, ծախսատար են սպասարկման եւ օգտագործվող վառելիքի առումով, էկոլոգիապես վնասակար են:

Բացի այդ, ըստ նախագահականի հաղորդագրության, մինչ օրս շահագործվող Տու-134 ներկայացուցչական օդանավի մաշվածության աստիճանը ոչ ցանկալի է դարձնում դրա հետագա շահագործումը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG