Մատչելիության հղումներ

logo-print

«Օրինաց երկիր»-ի համագումարը Արթուր Բաղդասարյանին առաջադրեց նախագահի թեկնածու


«Օրինաց երկիր» կուսակցության այսօր կայացած համագումարը միաձայն հաստատեց կուսակցության ղեկավար մարմինների որոշումը` Հայաստանի նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը:

«Մենք ոչ թե օլիմպիական սկզբունքով ենք մասնակցում առաջիկա ընտրություններին, այլ հաղթելու վճռականությամբ», - համագումարի իր ելույթում ասաց Արթուր Բաղդասարյանը: - «Ինչպիսի ընտրություններ ունենանք առաջիկայում` այնպիսի նախագահ ու երկիր ենք ունենալու: Ճիշտ է, նախագահական ընտրություններում հաղթելը կարեւոր է, բայց դա երբեք չպետք է ձեռք բերվի ժողովրդին զանգվածաբար կաշառելու եւ լայնամասշտաբ ընտրական հանցագործությունների, ի վերջո` ազգային արժանապատվության հաշվին»:

«Հայաստանը պետք է հաղթի: Դրա համար ես պատրաստ եմ զոհաբերել եւ դիմանալ, աշխատել եւ պայքարել այնպես, կարծես ողջ պայքարի հարցը կախված է միայն ինձնից», - վստահեցրեց «Օրինաց երկիր»-ի առաջնորդը:

Նա հայտնեց, որ որպես նախագահի թեկնածու` սկսելու է հանդիպումներ մյուս թեկնածուների հետ:

Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին իր չմիանալու պատճառների վերաբերյալ Արթուր Բաղդասարյանն ասաց. - «Ոչ միայն նրա համար, որ մենք երկիրը ավազակապետություն չենք համարում, մեր անցած ուղին եւս, այլ նաեւ գնահատելով նույն Տեր-Պետրոսյանի կատարած ներդրումը մեր պետականության կայացման գործում` դեմ ենք պետա-իշխանական համակարգը հիմնովին կազմաքանդելու մոտեցմանը: Լավ թե վատ` կառուցել ենք մի երկիր, որը այսօր ինքնիշխան է, եւ աշխարհի բազմաթիվ մայրաքաղաքներում կախված է մեր եռագույնը` իբրեւ մեր ինքնիշխանության խորհրդանիշ»:

Թեկնածուն Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունից արդեն ստացել է անհրաժեշտ տեղեկանքները վերջին տասը տարում Հայաստանի քաղաքացիության եւ վերջին տասը տարում Հայաստանում մշտական բնակության մասին եւ, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Նախորդ շաբաթ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Արթուր Բաղդասարյանը կանխատեսել է, որ ընտրությունները կանցնեն երկու փուլով, եւ ասել, որ իրենք ընտրության են գնում միմիայն հաղթելու, իսկ թեկնածուները քանիսն էլ լինեն` «ընդամենը մի քանի մարդու մեջ է լինելու ընտրությունը, եւ այն էլ` մեկ ձեռքի մատների վրա հաշված»:

Այսօրվա համագումարին հրավիրված էին Հայաստանի քաղաքական դաշտի տարբեր կողմերի ներկայացուցիչներ:


Աստղիկ Բեդեւյան եւ Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG