Մատչելիության հղումներ

«Եդինայա Ռոսիա»-ն հաղթեց Պետդումայի ընտրություններում


Ռուսաստանում կիրակի օրը անցկացված Պետդումայի ընտրություններում հաղթել է «Եդինայա Ռոսիա» («Միասնական Ռուսաստան») կուսակցությունը, որի ընտրական ցուցակը գլխավորում է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ նախնական տվյալների, «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է շուրջ 36 միլիոն ձայն կամ ընտրողների 63,3 տոկոսի քվեները:

Կուսակցության ղեկավար Բորիս Գրիզլովը ընտրություններից հետո կայացած ասուլիսում հայտարարել է, որ ընտրողների մեծ մասը, քվեարկելով «Եդինայա Ռոսիա»-ի օգտին, իրականում քվեարկել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա կողմից իրականացվող քաղաքական կուրսի օգտին:

«Այս ընտրությունները ցույց տվեցին, որ Վլադիմիր Պուտինը ազգային առաջնորդ է», - ասել է Գրիզլովը:

Նոր Պետդումայում «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը 450 տեղերից, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի 315-ը` այդ կերպ ունենալով սահմանադրական մեծամասնություն:

Խորհրդարան է անցել եւս երեք կուսակցություն: Ռուսաստանի կոմկուսը, նախնական տվյալներով, հավաքել է 11,7 տոկոս, Վլադիմիր Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը` 8,5 տոկոս, եւ խորհրդարանի վերին պալատի` Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի «Սպրավեդիլվայա Ռոսիա» («Արդար Ռուսաստան») կուսակցությունը` 8 տոկոս:

Մյուս 7 կուսակցություններին չի հաջողվել հաղթահարել 7-տոկոսանոց շեմը, ինչը պահանջվում է Պետդումայում ներկայացված լինելու համար:

Կոմկուսը, որը, ամենայն հավանականությամբ, Պետդումայում կունենա 50-60 տեղ, պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները: Կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը հայտարարել է, թե բողոքի ցույց է կազմակերպելու, որին, ըստ նրա, կմասնակցի ավելի քան 7 միլիոն մարդ: Նրա խոսքերով, եթե նախորդ ընտրություններում իշխանությունները ընտրակեղծիքի երկու մեթոդ են կիրառել, ապա երեկ տեղի ունեցած ընտրություններում այդ մեթոդների թիվը հասել է 20-ի:

«Ելցինի ժամանակ կա’մ վախեցնում էին ընտրողին, կա’մ ուղղակի նկարում էին ընտրությունների արդյունքները: Այսօրվա իշխանությունները ընտրությունները կեղծելու 20 հնարավորություն են մտածել», - հայտարարել է Ռուսաստանի կոմկուսի առաջնորդը:

Ընտրություններում տեղ գտած բազմաթիվ խախտումների մասին են ահազանգում նաեւ մյուս ընդդիմադիրները, այդ թվում «Աջ ուժերի միություն»-ը եւ «Յաբլոկո»-ն:

Ընտրությունների առաջին արդյունքների հրապարակումից հետո գալով «Աջ ուժերի միության» շտաբ` այդ կուսակցության ղեկավար անդամ, «ՌԱՕ ԵԷՍ»-ի ղեկավար Անատոլի Չուբայսը հայտարարել է, որ կիրակի օրվա ընտրությունները ամենավատն էին, որ երբեւէ անցկացվել են ժամանակակից Ռուսաստանում, դրանք պարզապես «խայտառակ» ընտրություններ էին:

Միաժամանակ, «Աջ ուժերի միության» առաջնորդներից Բորիս Նադեժդինը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժվարացավ նշել, թե կոնկրետ ի՞նչ խախտումներ են տեղի ունեցել, ի՞նչ մեխանիզմներ են կիրառվել: Կուսակցության առաջնորդների համար ամենազարմանալին այն է, որ բոլոր մարզերում, քաղաքներում եւ ընտրատեղամասերում իրենք ստացել են նույն` 1 տոկոսը, այնինչ տարբեր շրջաններում իրենք ունեն տարբեր քանակի աջակիցներ, եւ սա արդեն խոսում է այն մասին, որ այդ տվյալները նախօրոք պատրաստված էին:

Միջազգային դիտորդները մի քանի ժամից կներկայացնեն իրենց զեկույցը:


Ազա Բաբայան, Մոսկվա եւ Ռուզաննա Ստեփանյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG