Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհուրդը հայտարարություն է ընդունել Ղարաբաղի վերաբերյալ


ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհուրդը Մադրիդում անցկացված տարեկան նիստում հայտարարություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

«Մենք բավականությամբ նշում ենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնել են գալիք տարում շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները», - ասված է փաստաթղթում:

Նախարարների խորհուրդը, սատարելով հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման ուղղությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերը, «վճռականորեն կոչ է անում երկու կողմերին` հաղթահարել մնացող վերջին տարաձայնությունները, դրանով իսկ հավանություն տալ կարգավորման ընդհանուր հայեցակարգին եւ դրա հիման վրա անցնել համընդգրկուն խաղաղ համաձայնության մշակմանը»:

Արտգործնախարարների հանդիպման ժամանակ այսօր ԵԱՀԿ-ի նախագահությունը Իսպանիայից փոխանցվել է Ֆինլանդիային:

Կազմակերպության նոր նախագահող` Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկկա Կաներվան հայտարարել է, որ կաջակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների բոլոր քայլերին:

APA գործակալության փոխանցմամբ, Կաներվան համոզմունք է հայտնել, որ «ԵԱՀԿ-ը պետք է բոլոր ջանքերը գործադրի Ադրբեջանում, Վրաստանում եւ Մոլդովայում առկա հակամարտությունների կարգավորման հարցում տեղաշարժի հասնելու համար»:

ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա 2008 թվականի դեկտեմբերի 4-5-ը Ֆինլանդիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG