Մատչելիության հղումներ

Ռուսաստանը դուրս եկավ Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրից


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր առավոտյան վավերացրել է Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը դադարեցնելու մասին օրենքը:

Օրինագիծը Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Պետդուման ընդունել է նոյեմբերի 7-ին, նոյեմբերի 16-ին դրան հավանություն է տվել նաեւ վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը:

Այս տարվա դեկտեմբերի լույս 13-ի գիշերը ուժի մեջ մտնող օրենքը ռուսական կողմին թույլ կտա հզորացնել ռազմական ներկայությունը երկրի արեւմտյան եւ հարավային սահմանների շրջանում:

Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը եւ ՆԱՏՕ-ն անցած ամիսների ընթացքում պաշտոնական Մոսկվային հորդորել են չդիմել այդ քայլին:

1990 թվականին ստորագրված եւ 1999 թվականին լրամշակված պայմանագիրը սահմանափակում է Ատլանտյան օվկիանոսից մինչեւ Ուրալյան լեռները տեղակայված տանկերի, հրետանու, մարտական օդանավերի եւ ուղղաթիռների թիվը:

Պայմանագրի շուրջ բանակցությունները ընթացել են դեռ Խորհրդային Միության օրոք՝ Վարշավյան պայմանագրի եւ այն ժամանակ 22 անդամ ունեցող ՆԱՏՕ-ի միջեւ:

Պաշտոնական Մոսկվայի համոզմամբ, Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրն այլեւս ժամկետանց է եւ հաշվի չի առնում տեղի ունեցած արմատական աշխարհաքաղաքական փոփոխությունները:

Ռուսական կողմը հայտարարել է, որ ընդարձակված ՆԱՏՕ-ն այդ պայմանագրի միջոցով փորձում է սահմանափակել Ռուսաստանի ռազմական գործունեությունը եւ երկրի սահմաններին է մոտեցնում լրացուցիչ ուժեր, ինչը հակասում է ավելի վաղ ձեռք բերված համաձայնություններին:

Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ վեճը սկսվել է, երբ պայմանագրի արեւմտյան մասնակիցները հայտարարել են, թե պայմանագրի լրամշակված տարբերակը կվավերացնեն միայն Ռուսաստանի կողմից Վրաստանից եւ Մոլդովայից զորքերը դուրս բերելու դեպքում:

Փորձագետները նշում են, որ ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականների դժգոհությունն է հարուցում հատկապես այն հանգամանքը, որ պայմանագիրը այսպես կոչված «թեւային սահմանափակումներ» է ենթադրում, այսինքն` սահմանափակում է տանկերի եւ ծանր հրետանու, ինչպես նաեւ որոշ չափով օդուժի տեղաշարժը եւ տեղակայումը Ռուսաստանի տարածքում՝ ՆԱՏՕ-ի հետ «շփման գծի» գոտիներում:

Ռուսաստանը հայտարարել է, որ դադարեցումը բնավ չի նշանակում ընդհանրապես հրաժարվել Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրից, եւ պատրաստակամություն է հայտնել վերականգնել մասնակցությունը պայմանագրին այն դեպքում, եթե արեւտմյան կողմի բոլոր երկրներն ընդունեն եւ կատարեն լրամշակված տարբերակի պահանջները:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG