Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայում ուղեւորատար օդանավ է կործանվել


Այսօր վաղ առավոտյան Թուրքիայի Իսպարտա ավանի մոտակայքում աղետի է ենթարկվել Ստամբուլ - Իսպարտա չվերթը կատարող MD-83 ուղեւորատար օդանավը: Աղետի հետեւանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր մարդիկ՝ անձնակազմի 7 անդամները եւ 49 ուղեւոր, բոլորը՝ Թուրքիայի քաղաքացիներ:

«Ռոյթերզ» գործակալության վկայությամբ, «Աթլաս Ջեթ Էյրլայնզ» ընկերության գործադիր տնօրեն Թունջայ Դողաներն ասել է, որ «ՄըքԴոնալդ - Դուգլաս - 83» ինքնաթիռը կործանվել է վայրէջք կատարելուց հաշվված րոպեներ առաջ՝ Իսպարտայի Սուլեյման Դեմիրելի անվան օդանավակայանից ընդամենը 12 կիլոմետր հեռավորության վրա:

Միաժամանակ, թուրք դիսպետչերները փոխանցել են, որ կապն օդանավի հետ ընդհատվել է Իսպարտայից դեռ 150 կիլոմետր հեռավորության վրա, երբ անձնակազմի հրամանատարը վայրէջքի թույլտվություն է խնդրել եւ դրական պատասխան է ստացել:

Այս պահին հայտնի չէ, թե ի՞նչ կարող էր տեղի ունենալ վերջին խոսակցությունից հետո: Մասնագետներն ասում են, որ միայն «սեւ արկղի» տվյալները աղետի պատճառները պարզելու հնարավորություն կընձեռեն:

Արդեն հնչել է կարծիք, որ օդանավը չվերթը կատարել է բարդ եղանակային պայմաններում:

Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի 3իլդիրիմն այդ կապակցությամբ ասել է. - «Չմոռանանք, որ որպես կանոն` վթարների 80-85 տոկոսը տեղի է ունենում այսպես կոչված «մարդկային գործոնի» հետեւանքով»:

Աղետը տեղի է ունեցել լեռնային շրջանում: «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, վթարի ստույգ վայրը հայտնաբերել են թուրքական զինուժի մարտական ուղղաթիռները, ինչից հետո այնտեղ են մեկնել փրկարարական ծառայության ջոկատները:

Զինվորականները փակել են վթարի վայրը: Փրկարարները զոհվածների դիակները փոխադրում են տեղի հիվանդանոց:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG