Մատչելիության հղումներ

Միշել Պլատինի. «Ակնկալում ենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների խաղերը կկայանան»


ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ակնկալում է, որ ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության նախընտրական փուլում Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների խաղերը կկայանան` չնայած երկու երկրների միջեւ առկա քաղաքական լուրջ տարաձայնություններին:

«Մենք հանդիպել ենք Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ, եւ չկա որեւէ խնդիր. նրանք ասել են, որ խաղերը կանցկացվեն հնարավորինս լավ», - երեկ Բրյուսելում լրագրողներին ասել է Պլատինին:

«Ռոյթերզ» գործակալության վկայությամբ` Եվրոպայի 2008 թվականի առաջնության նախընտրական մրցաշարում Հայաստանի եւ Ադրբեջանի թիմերի միջեւ այդպես էլ չկայացած հանդիպումների առնչությամբ ՈւԵՖԱ-ի նախագահը ընդգծել է. - «Մենք խնդիր ունեցանք Հայաստանի եւ Ադրբեջանի հետ կապված, քանի որ դա ավելի վատ էր, քան հարաբերությունների բացակայությունը` այդտեղ ծայրահեղ լարվածության խնդիր կար, եւ [ՈւԵՖԱ-ի] գործադիր կոմիտեն որոշեց չեղյալ հայտարարել երկու խաղերը»:

Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության նախընտրական մրցաշարի 5-րդ խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Իսպանիայի, Թուրքիայի, Բելգիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի եւ Էստոնիայի թիմերը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG