Մատչելիության հղումներ

Գարի Կասպարով. «Ռուսաստանում սահմանադրական հեղաշրջում է տեղի ունեցել»


«Ըստ էության, Ռուսաստանում արդեն սահմանադրական հեղաշրջում է տեղի ունեցել», - երեկ` հնգօրյա վարչական կալանքից ազատվելուց հետո, հայտարարել է Ռուսաստանի միացյալ քաղաքացիական ճակատի առաջնորդ, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը:

«Ռուսաստանում այժմ իշխում են անանուն մարդիկ` դեմքեր, որոնք չեն ներկայանում, սակայն վերահսկում եւ որոշում են ամեն ինչ», - մանրամասնել է ընդդիմադիր գործիչը:

Ըստ Գարի Կասպարովի, անցած հինգ օրերի ընթացքում թե’ իրավապահները, թե’ դատավորները որոշումներ են կայացրել «վերեւների» թելադրանքով եւ ամեն քայլափոխի ոտնահարել են իր իրավունքները:

«Կալանավայրի աշխատակիցները փորձում էին քաղաքավարի վերաբերվել, սկզբում շատ ուշադիր էին իմ հանդեպ: Հետո, սակայն, հետեւելով իրենց ղեկավարների ցուցումներին, կտրեցին իմ բոլոր կապերը արտաքին աշխարհի հետ. ես զրկված էի փաստաբանից ու հեռախոսակապից, նստած էի մեկուսարանում, ուր ընդամենը մի քանի թերթ էին բերում», - լրագրողերին ասել է Գարի Կասպարովը եւ ընդգծել. - «Ռուսաստանում գործող վարչակազմը խիստ վտանգավոր փուլ է մտնում, որ կարելի է բնորոշել որպես բռնապետական»:

«Ոստիկանական բաժանմունքում իրավապահները սպառնում էին ինձ ավելի լուրջ մեղադրանքներ առաջադրել, եթե շարունակեմ ընդդիմադիր գործունեությունս», - ասել է 44-ամյա Գարի Կասպարովն ու հավատացրել. - «Ես, սակայն, վճռական եմ եւ շարունակելու եմ այս վարչախմբի դեմ պայքարս»:

«Անհամաձայնների շարժումը» արդեն հայտարարել է, թե պատրաստվում է երկուշաբթի` ռուսաստանյան խորհրդարանական ընտրություններից մեկ օր անց, Մոսկվայում բողոքի նոր ցույց կազմակերպել:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG