Մատչելիության հղումներ

«Ռոյալ Արմենիա»-ի համասեփականատերը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման


Հինգշաբթի օրը Վերաքաննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով արդարացվել էին «Ռոյալ Արմենիա»-ի համասեփականատեր Գագիկ Հակոբյանը եւ ընկերության փոխտնօրեն Արամ Ղազարյանը` առաջինին դատապարտելով 6, իսկ երկրորդին` 2 տարվա ազատազրկման:

Նախագահող դատավոր Սուրեն Ղազարյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանը հանգել է հետեւության, որ առաջին ատյանի դատարանի փաստարկներն անհիմն են, իսկ ամբաստանյալին մեղսագրված արարքները` լիովին ապացուցված:

Գագիկ Հակոբյանը մեղավոր ճանաչվեց առանձնապես խոշոր չափերի խարդախության, մաքսանենգության, հարկերից խուսափելու եւ փաստաթղթեր կեղծելու համար, իսկ Արամ Ղազարյանը` հարկերից խուսափելու, մաքսանենգության եւ փաստաթղթեր կեղծելու համար: Քանի որ ինչպես Հակոբյանը, այնպես էլ Ղազարյանը արդեն 1 տարի 9 ամիս անցկացրել էին Ազգային անվտանգության մեկուսարանում, այդ ժամկետը հանվեց նրանց պատժաչափից: Իսկ Ղազարյանի նկատմամբ կիրառվեց նաեւ համաներում, եւ դատավոր Սուրեն Ղազարյանը վճռեց նրան ազատել հիմնական պատիժը կրելուց:

Վճռաբեկ դատարանը վճռեց Գագիկ Հակոբյանից եւ Արամ Ղազարյանից բռնագանձել 455 միլիոն 717 հազար 900 դրամ` որպես պետությանը պատճառված նյութական վնաս:

Դատավոր Սուրեն Ղազարյանը մասնակիորեն բավարարեց նաեւ «ՖԻԳ» ընկերության հայցը. հօգուտ «ՖԻԳ»-ի Գագիկ Հակոբյանից կբռնագանձվի 555 հազար 825 ամերիկյան դոլարին համարժեք դրամ` որպես տուժողին պատճառված վնաս:

Դատարանում հավաքվածները զայրույթով ընդունեցին դատավճռի հրապարակումը:

Գագիկ Հակոբյանը դեռ մինչեւ դատավճռի հրապարակումը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ, իր կարծիքով, դատավոր Ղազարյանը կբավարարի մեղադրող կողմի պահանջը: Մեղադրող կողմը, ի դեպ, հենց նույն պատժաչափերն էր պահանջել:

«Ռոյալ Արմենիա»-ի փոխտնօրեն Արամ Ղազարյանը, ով ազատ արձակվեց, դատավճռի հրապարակումից հետո ասաց, որ իրենք անպայման բողոքարկելու են վճիռը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ղազարյանը հաստատեց իրենց շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանի պնդումը, թե այս քրեական հետապնդման նպատակը «Ռոյալ Արմենիա»-ի սեփականատերերից բիզնեսը խլելն է:

«Միանշանակ. նպատակը միայն գործը խլելն է, գործարանը խլելն է», - ասաց Արամ Ղազարյանը` հրաժարվելով ասել, թե կոնկրետ ով է ուզում դա անել. - «Չեմ կարող ես ասել. շուտով կտեսնեք ովքեր են»:

Գագիկ Հակոբյանի եւ Արամ Ղազարյանի շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանը երեկ դատական նիստին ներկա չէր: Ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սարգսյանը բացատրեց, թե դատարան կգար` եթե տեսներ, որ դա իրոք դատարան է, իսկ որոշում կայացնողները` իսկապես դատավորներ. - «Այդ հագուստը, որ իրենց վրա գցել են այդ երեք անձը եւ եկել են այդ դահլիճ, դեռ չի նշանակում, որ իրենք դատավորներ էին եւ եկել էին դատարան»:

«Դիմելու ենք ընդհանրապես այս խայտառակ դատավճիռը բեկանելու», - ասաց փաստաբանը: - «Վերջնականապես հիասթափված եմ: Հայաստանում գոյություն չունի արդարադատություն: Հայաստանում գոյություն չունի դատական համակարգ: Կան նշանակված մարդիկ, որոնք կատարում են վերադասի քմահաճույքները»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG