Մատչելիության հղումներ

Թուրքիայում քրիստոնյա հոգեւորական է առեւանգվել


Թուրքիայի հարավ-արեւելքում առեւանգվել է Ասորի եկեղեցու հոգեւորական` Միդյաթ քաղաքի մոտ գտնվող Մոր Յաղուբ վանքի 55-ամյա քահանա Դանիել Սավչին: Ոստիկանությունը ներկայումս գործողություններ է ձեռնարկում հոգեւորականի ազատ արձակումը ապահովելու համար:

CNN-Turk հեռուստաալիքի վկայությամբ, հոգեւորականին առեւանգել են, երբ նա իր ավտոմեքենայով գնում էր վանք:

Վանքի աշխատակիցներից մեկը տեղեկացրել է, որ մի անծանոթ զանգահարել է ու փրկագին պահանջել քահանայի համար:

«Ռոյթերզ» գործակալությունն ընդգծում է, որ Թուրքիայի շուրջ 100-հազարանոց քրիստոնյա փոքրամասնությունը, որի ներկայացուցիչները մեծամասամբ հույներ եւ հայեր են, վերջին երկու տարիներին հաճախ է մահմեդական ծայրահեղականների ոտնձգությունների թիրախ դառնում:

Մասնավորապես, «Ռոյթերզ»-ը հիշեցնում է այս տարվա հունվարին հայազգի լրագրող, Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը, ապրիլին Մալաթիայում Աստվածաշունչ տպագրող հրատարակչատան վրա հարձակումն ու երեք քրիստոնյաների դաժան սպանությունը եւ անցյալ տարի կաթոլիկ հոգեւորական Անդրեա Սանտորոյի սպանությունը Տրապիզոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG