Մատչելիության հղումներ

Մադրիդում այսօր կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

APA գործակալության փոխանցմամբ, հանդիպմանը մասնակցել են բոլոր երեք համանախագահները` Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), իսկ ավելի ուշ միացել են նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի միջազգային հարցերով տեղակալ Նիկոլաս Բըրնսը:

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հազար Իբրահիմը «Թրենդ» գործակալությանը հայտնել է, որ հանդիպման ժամանակ համանախագահները Օսկանյանին եւ Մամեդյարովին ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ գրավոր առաջարկներ են փոխանցել:

Իբրահիմի խոսքով, փաթեթը ներառում է 10 առաջարկություն, որոնցից մեկը համաձայնեցված չէ:

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն այդ առաջարկը որակել է «սկզբունքային», սակայն հրաժարվել է այլ մանրամասներ հաղորդել:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG