Մատչելիության հղումներ

Մադրիդում սկսվում է ԵԱՀԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների տարեկան հանդիպումը


Այսօր Մադրիդում սկսվում է ԵԱՀԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների տարեկան հանդիպումը, որը կշարունակվի երկու օր` նոյեմբերի 29-30-ը:

Հանդիպմանը նախատեսված են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի ելույթները: Նրանք նաեւ առանձին հանդիպումներ են ունենալու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության ոչ պաշտոնական տեղեկություններով` Մադրիդում հնարավոր է կայանա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը եւս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չի բացառել, որ Մադրիդում Օսկանյանն ու Մամեդյարովը հանդիպեն, ընդ որում` հանդիպումը կարող է տեղի ունենալ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների` Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարների եւ ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Դենիել Ֆրիդի մասնակցությամբ:

Նիստի նախօրեին հրապարակվել է ԵԱՀԿ-ի տարեկան հանդեսը, որում կազմակերպության գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը, մասնավորապես, նշել է. - «2007 թվականի ընթացքում Մինսկի խմբի համանախագահները` գործող նախագահի օգնականի օժանդակությամբ, շարունակեցին ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, եւ չնայած միջնորդների ակտիվ ջանքերին` դրանք բանակցություններում չհանգեցրին որեւէ էական ճեղքման: Կողմերը շարունակում են փնտրել խնդրի լուծումը»:

2008 թվականին ԵԱՀԿ-ն նախագահելու է Ֆինլանդիան: Ֆինլանդիայի արտգործնախարարը որպես կազմակերպության առաջնահերթ խնդիրներ մատնանշել է կայունությունը, զարգացումը եւ տարածաշրջանի երկրների ժողովրդավարացումը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG