Մատչելիության հղումներ

logo-print

«Ազգային միաբանության» տարածքային կառույցների որոշ ղեկավարներ դուրս են եկել կուսակցությունից


«Ազգային միաբանություն» կուսակցության Երեւանի Էրեբունի համայնքի կառույցներից մեկի արդեն նախկին ղեկավար Գուրգեն Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երեկ հաստատեց մամուլում հրապարակված տեղեկությունները, որ ինքը, ինչպես նաեւ Գավառում եւ Հրազդանում կուսակցության տեղական կառույցների երկու ղեկավարներ դուրս են «Ազգային միաբանություն»-ից եւ որոշել են միանալ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած համաժողովրդական շարժմանը:

«Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը, Գուրգեն Գրիգորյանի խոսքերով, «իրականում աշխատում է իշխանությունների համար եւ պառակտում է ընդդիմությունը»:

«Գեղամյանի բոլոր գործողությունները տանում են նրան, որ նա իշխանությունների հետ սերտաճած ընդդիմադիր է», - ասաց Գրիգորյանը: - «Նա ամեն ինչ անում է, որպեսզի ընդդիմությունը քայքայի, փոշիացնի. դա 2003 թվականից սկսած: Ես էլ չեմ ուզում մասնակցել»:

«Նման մարդու հետ ճանապարհ գնալը շատ վտանգավոր է ոչ միայն ինձ համար, այլեւ բոլորի համար... Իմ թիմակիցները, որոնք պայքարել են ինձ հետ, եղել են իր ամբողջ ընտրարշավին, այսօր ինձ ասում են` մենք գործ չունենք այդ դավաճան մարդկանց հետ», - շարունակեց նա` պնդելով, որ Գեղամյանը «բոլոր ժամանակներն էլ պաշտպանել է իշխանություններին»:

Որպես ապացույց նա հիշեցրեց, որ 2003 թվականի նախագահական ընտրություններում Գեղամյանը հրաժարվել էր պաշտպանել Ստեփան Դեմիրճյանին` իրենց զգուշացնելով, որ չմասնակցեն ընդդիմության հանրահավաքներին:

Նա պնդեց նաեւ, թե հենց իշխանությունների հետ պայմանավորվածությունների արդյունքում էր, որ «Ազգային միաբանություն»-ը պարտվեց Ազգային ժողովի վերջին ընտրություններում:

Գուրգեն Գրիգորյանը ասաց, թե խոսում է Էրեբունու տարածքի իր կառույցի բոլոր 3500 անդամների անունից, որոնք բոլորն էլ (եւ ոչ միայն նրանք) պատրաստ են միանալ «այս [Լեւոն Տեր-Պետրոսյանի] համաժողովրդական շարժմանը»:

Արտաշես Գեղամյանը, մինչդեռ, չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենք ունեն 411 տարածքային կազմակերպություն, եւ բացի Գուրգեն Գրիգորյանից, իրենց ոչ ոք կուսակցությունից դուրս գալու մասին տեղյակ չի պահել: Իսկ էրեբունի համայնքում «Ազգային միաբանություն»-ը, ըստ Գեղամյանի, ունի 7 տարածքային կազմակերպություն, որոնցից միայն մեկի ղեկավարն էր Գրիգորյանը:

«Օգտվելով առիթից ես չեմ կարող չշնորհավորել պարոն Լեւոն Տեր-Պետրոսյանին նման զորեղ երկրպագու ձեռք բերելու առումով», - ասաց Արտաշես Գեղամյանը: - «Ինչ վերաբերում է Հրազդանի Աթարբեկյան գյուղի կազմակերպության ղեկավարին` Նորբերդին, եւ Գավառի մարզի Կարմիր գյուղի տարածքային ղեկավար Պապինին, նրանք էլ բուռն ողջունել են իմ ընտրությունը, ծափահարել են, շնորհավորել են, բայց ազնվություն են ունեցել հետո` 16 ժամում, երբ կարծիքը սեփական փոխել են, դրա մասին հայտարարելու»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG