Մատչելիության հղումներ

ԱԺՄ-ի համագումարը առաջադրեց Վազգեն Մանուկյանի թեկնածությունը


Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) 17-րդ արտահերթ համագումարը այսօր միաձայն որոշեց 2008 թվականի նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը:

Համագումարի իր ելույթում Վագեն Մանուկյանը կոչ արեց քաղաքական ուժերին ու հասարակությանը համախմբվել «ոչ թե անձերի, այլ գաղափարների շուրջը»:

«Ազատվել սրանցից, եւ ազատվել ամեն դեպքում. դա է հրամայականը մեր հասարակության», - ասաց Մանուկյանը` շարունակելով. - «Բայց հարց է` կկարողանա՞նք: Եվ եթե կարողանանք, նույն ծուղակը չե՞նք ընկնի: Որովհետեւ միայն անձերով չի պայմանավորված այս ամեն ինչը: Սրա տակ թաքնված է երկար տարիներ աշխատող մի համակարգ»:

«Անհրաժեշտ է համակարգը փոխել», իսկ, Մանուկյանի պարզաբանմամբ, այդ համակարգը ծնվեց, երբ «իշխանության գլուխ կանգնած մի խումբ մարդիկ զգացին, որ վեր են կանգնած ժողովրդից»:

«96 թվով է պայմանավորված 98 թիվը, 98 թվով է պայմանավորված «Հոկտեմբերի 27»-ը... դա մի շղթա է», - ասաց ԱԺՄ-ի առաջնորդը: - «Երբեմն ինձ համար դժվար է այդ շղթայի մասին խոսել, որովհետեւ իմ անունը այդ շղթայի մեջ կա: Բայց համոզված եղեք, որ դա բացարձակապես ոչ մի նշանակություն չունի: 98 թվին եկան նորերը, այսինքն ի՞նչ նորեր` իշխանության մի հատված, որը չուներ կոմպլեքսներ: Ի՞նչ նոր բան մտցրեց. եթե նախորդները ասում էին, որ ժողովուրդը ոչ մի բան չի հասկանում մարդու իրավունքներից, ազատություններից եւ այլն, եւ այլն, սրանք սկսեցին ասել, որ այս ժողովուրդը ոչ մի բան չի հասկանում Ղարաբաղի հարցից... Մի մտայնությունը փոխվեց մյուս գաղափարով. նրանք` կեղծելով, բայց հիմնված էին ազատ պետության գաղափարի վրա, սրանք` կեղծելով, բայց հիմնվեցին ազգային գաղափարի վրա»:

«Ես կոչ չեմ անում` եկեք հավաքվեք իմ շուրջը: Ես ասում եմ` եկեք հավաքվենք գաղափարները շուրջը», - հայտարարեց նա` հավելելով, որ ոչ թե անձերի, այլ այդ «դոմինանտ» գաղափարների շուրջը համախմբվելով ժողովուրդը կարող է առաջ գնալ: Հակառակ դեպքում, ըստ նրա, պարտվելու է ոչ թե այս կամ այն թեկնածուն, այլ «պարտվելու է ժողովուրդը»:

Համագումարի ավարտին, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է գնահատում իր շանսերը ընտրություններում, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. - «Հայաստանում ժողովրդավարական ճանապարհով բոլորի շանսերը, ավելի թե պակաս, սահմանափակված են ներկա իշխանության բռնություններով: Գնացեք ինքներդ որոշեք»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG