Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն հունվարի 5-ին անցկացվելիք արտահերթ նախագահական ընտրություններում սատարում է Միխեիլ Սահակաշվիլիին, ով անցած շաբաթավերջին հրաժարական է տվել երկրի նախագահի պաշտոնից:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Բուրջանաձեն հայտարարել է. - «Ես լրիվ անկեղծ կլինեմ ձեզ հետ եւ կասեմ, որ սատարում եմ Միխեիլ Սահակաշվիլիին` երկրորդ անգամ նախագահ դառնալու համար: Նա անչափ դժվարին, աներեւակայելի բաներ է արել այս երկրի համար: Սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն. անշուշտ, դրանք առանց սխալների չեն եղել, եւ ոչ ոք չէր կարող դրանք անսխալ իրականացնել»:

Անդրադառնալով այն մեղադրանքներին, որ Սահակաշվիլիի վարչակազմը շեղվել է ժողովրդավարական արժեքներից, ինչի վկայությունը նոյեմբերի 7-ի բռնություններն էին ցուցարարների նկատմամբ, Նինո Բուրջանաձեն ասել է, որ չի կարծում, թե իշխանությունը սխալ է գործել` ուժի դիմելով: Բողոքի այդ ակցիաները, ըստ նրա, ահագնանալու ռիսկեր էին պարունակում, քանի որ որոշ ընդդիմադիր առաջնորդներ շահագրգռված չէին իշխանությունների հետ բանակցելով եւ իշխանությունը տապալելու կոչեր էին հնչեցնում: Բուրջանաձեի խոսքերով, միայն պատմությունը կարող է դատել, թե ուժի կիրառումը այդ օրը որքանով էր արդարացված:

Անդրադառնալով «Իմեդի» հեռուստաընկերության ճակատագրին, որը եթերազրկվեց նոյեմբերի 7-ի երեկոյան, Բուրջանաձեն ասել է, թե «Իմեդի»-ն կրկին եթեր դուրս կգա, եթե լինի երաշխիք, որ հեռուստաընկերությունը որպես «գործիք» չի ծառայելու իր հիմնադիր` մեծահարուստ Բադրիի Պատարկացիշվիլիի ձեռքին, ով առաջադրվել է որպես նախագահի թեկնածու. - «Մենք ունենք միայն մեկ խնդիր` դա ապահովելն է, որ ո’չ «Իմեդի»-ն, ո’չ որեւէ այլ հեռուստաընկերություն չծառայեն որպես գործիք` բռնության կոչեր հնչեցնելու համար, չծառայեն որպես գործիք մեկ կոնկրետ քաղաքական խմբավորման ձեռքում, որը կփորձի ապակայունացնել իրավիճակը երկրում»:

Խոստովանելով, որ այսօրվանից մինչեւ հունվարի 5-ի նախագահական ընտրությունները Վրաստանի համար հեշտ ժամանակներ չեն լինելու, Բուրջանաձեն խոստացել է անել հնարավորը` նպաստելու համար երկրի ներկայիս քաղաքական ուղեգծի շարունակմանը եւ ազատ ու արդար ընտրությունների անցկացմանը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG