Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը մեկնում է Մադրիդ


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր մեկնում է Մադրիդ` մասնակցելու եւ ելույթ ունենալու նոյեմբերի 29-30-ը կայանալիք ԵԱՀԿ-ի արտգործնախարարների տարեկան հանդիպմանը:

Մադրիդում ծրագրված է Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչպես նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը, չի բացառվում նաեւ հանդիպում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, ընդ որում, այն կարող է տեղի ունենալ համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ:

Հիշեցմանը, որ ավելի վաղ Մադրիդում հանդիպելով ԵԱՀԿ-ի գործող նախագահի հետ` համանախագահները մտահոգություն էին հայտնել, թե Հայաստանում եւ Ադրբեջանում առաջիկա ընտրությունները կարող են որոշակիորեն դժվարացնել գործընթացը, Վլադիմիր Կարապետյանը արձագանքեց. - «Մենք այդ հույսով ենք գնում, որ հանդիպումը կլինի արդյունավետ: Նաեւ համանախագահների մտահոգությամբ է պայմանավորված, թերեւս, իրենց նախաձեռնությունը` բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու, որին կմասնակցեն, եթե այն տեղի ունենա, Ֆրանսիայի արտգործնախարարը, Ռուսաստանի արտգործնախարարը եւ ԱՄՆ-ի համապատասխան պաշտոնյան` [փոխպետքարտուղար] Դենիել Ֆրիդը, որը համակարգում է աշխատանքը ԱՊՀ-ի երկրների հետ»:

Այդուհանդերձ, արտգործնախարարության խոսնակը չի կարծում, թե այդ հանդիպմանն էր վերաբերում ամսվա սկզբին Վարդան Օսկանյանի արած հայտարարությունը ԵԱՀԿ-ից որոշակի քայլեր սպասելու մասին. - «Գիտեք, որ համանախագահներն են շատ հաճախ ներկայացնում առաջարկները, եւ իրենք են համակարգում այդ աշխատանքը: Թերեւս, համանախագահների կողմից ներկայացվելիք առաջարկների մասին է խոսքը»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG