Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ո՞ւր էին հանրապետականները պատերազմի տարիներին». - այս ուսումնասիրությունն այսօր հրապարակել է «Հայք»-ը՝ ամփոփելով, որ Հանրապետականի հարյուր հոգանոց խորհրդից միայն ութն է մասնակցել Ղարաբաղի պատերազմին եւ միայն երկուսն են եղել Աշոտ Նավասարդյանի հիմնադրած «Անկախության բանակի» մարտիկներ:

Ըստ «Հայոց Աշխարհ» թերթի, Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո երկու երկրների ղեկավարները «հայտնվելու են Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման լրջագույն քննության առաջ». - «Այն կողմը, որն ավելի մաքուր ու թափանցիկ ձեւով կանցկացնի ընտրությունները, հնարավորություն կստանա ամրապնդել իր փաստարկները ապագա բանակցություններում։ Եվ ընդհակառակը՝ այն կողմը, որի վրա կհաջողվի ավելի հաստափոր «դոսյե» հավաքել, կհայտնվի շատ ավելի ծանր վիճակում»։ «Ուրեմն», - եզրակացրել է թերթը, - «առաջիկա նախագահական ընտրությունները իշխանության հարցի լուծումը լինելուց զատ, նաեւ քննություն են «ժողովրդավարություն» առարկայից՝ ողջ երկրի եւ նրա ժողովրդի համար»։

«Առավոտ»-ի խմբագրականը, անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությանը միտված ընդդիմության քայլերին, նկատել է. - «Այժմ ընդդիմությունը փորձում է բարեփոխել Ընտրական օրենսգիրքը, որպեսզի նախագահական ընտրություններում հնարավորինս կանխվեն հնարավոր ընտրակեղծիքները»։ «Բայց, բացատրեք ինձ, խնդրեմ. ի՞նչ շահագրգռվածություն ունեն հենց այդպիսի ընտրակեղծիքներով ընտրված պատգամավորները՝ թույլ չտալու, որ հաջորդ ընտրություններում նման կեղծիքներ չլինեն», - հարցրել է գլխավոր խմբագիրն ու եզրակացրել. - «Շատ բնական է, մեծամասնությունից նրանք, ովքեր ի վիճակի են քիչ թե շատ ամփոփ մտքեր արտահայտելու, «պոզուպոչ» կկպցնեն այդ առաջարկություններին, եւ դրանք օրակարգ էլ չեն մտնի»։

««Ընդդիմադիրների» բիզնեսը ծաղկում է» վերնագրի տակ «Չորրորդ իշխանություն» թերթը առանձնացրել է. - «Եթե «ընդդիմադիր գործիչը» հայտարարում է, թե երկիրը կործանման եզրին է, ու հետո պնդում է, որ որ որեւէ մեկի հետ չի միավորվելու, որովհետեւ միայն ինքը կարող է երկիրը դուրս բերել այս վիճակից (լավ իմանալով, որ հաղթելու ոչ մի շանս չունի), դա միայն մի բան է նշանակում՝ մարդը ռեժիմից իր հասանելիք կռճոններն է ակնկալում»։ «Իսկ միգուցե այդ «ընդդիմադիրները» անկեղծորեն ցանկանում են պայքարել ռեժիմի դեմ, բայց չե՞ն ցանկանում միանալ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմին։ Բայց այդ դեպքում, հարց է ծագում. լավ, Լեւոն Տեր-Պետրոսյանին չեք միավորվում՝ ձեր գործն է, բայց ինչո՞ւ գոնե իրար հետ չեք միավորվում, եթե ձեր նպատակն իսկապես իրավիճակը փոխելն է։ Ի՞նչն է խանգարում. միանաք, ստեղծեք, «երրորդ բեւեռը»», - հարցերի շարք է առաջադրել մեկնաբանն ու պատասխանել. - «Խանգարում է այն, որ ռեժիմը նման հրահանգ չի տվել։ Ամենայն հավանականությամբ, իշխանական կերակրատաշտի «կռճոնները» խոստացվել են միայն անհատական առաջադրումների դեպքում»։

«Եթե մինչեւ երեկ դեռ գտնվում էին մարդիկ, ովքեր չէին հավատում, որ Արտաշես Գեղամյանը հլու-հնազանդ կատարում է Սերժ Սարգսյանի հրահանգները, ապա այժմ արդեն կասկածողներ չկան կամ գրեթե չկան», - գրել է այսօր «Հայք»-ի մեկնաբանն ու հավելել. - «ԱՄԿ նախագահության անդամների ելույթներից կարելի է եզրակացնել, որ Գեղամյանն առաջադրվում է ոչ թե նախագահ ընտրվելու, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանին խանգարելու համար։ Այլ կերպ ասած, Գեղամյանը պայքարելու է ընդդեմ Տեր-Պետրոսյանի եւ հանուն Սերժ Ազատիչի»։

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, պնդելով, որ վերջին շրջանում դրամի 20-25 տոկոսանոց արժեվորման հետեւանքով ապրանք ներկրող գործարարների շահույթները եռապատկվել են, բխեցրել է. - «Այդ լրացուցիչ շահույթների հիմնական մասը ծախսվում եւ ծախսվելու են իշխանության թեկնածուի համար, ներառյալ «ընդդիմադիր» թեկնածուների «գրպանի ծախսը»։ Դրամի այսչափ արժեվորման պատճառն այն է, որ պարզվել է՝ ավելի շատ փող է պետք, քան հաշվարկվել էր նախկինում։ Այլ կերպ ասած, դրամի արժեվորման տեմպն ուղղակիորեն կախված է նրանից, թե ինչ կնստի իշխանության թեկնածուի լեգալ եւ ոչ լեգալ քարոզչությունը»։ «Այնպես որ, մինչեւ հաջորդ տարվա փետրվար դրամը Հայաստանում կարող է արժեվորվել եւս մի 30 տոկոսով», - բխեցրել է մեկնաբանը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG