Մատչելիության հղումներ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը 40 տարեկան է


Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրը Ծիծեռնակաբերդում բացվել է 40 տարի առաջ` 1967 թվականի նոյեմբերի 29-ին` շատ շուտով ուխտավայր դառնալով ցանկացած հայի համար: Այս տարելիցին է նվիրված երեկ Երեւանում բացված երկօրյա միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Գիտաժողովի բացմանը ներկա էին Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, բարձրաստիճան այլ անձինք:

Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն նաեւ Նորվեգիայից, Ճապոնիայից եւ Գերմանիայից հրավիրված մասնագետներ:

Հուշահամալիրի հեղինակները Սաշուր Քալաշյանն ու Արթուր Թարխանյանն են: Թեեւ 1965 թվականին հայտարարված մրցույթում նրանց ներկայացրած նախագիծը ընդամենը երրորդն էր, որոշիչ է եղել, ինչպես գիտաժողովի իր զեկույցում պատմեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, ճարտարապետ Վարազդատ Հարությունյանի խոսքը:

«Եթե ճշմարիտ է այն միտքը, թե ճարտարապետությունը քարացած երաժշտություն է, ապա մեզ մնում էր արժանի երաժշտության համար փնտրել եւ գտնել արժանի շրջանակ», - իր ելույթում ասաց Սաշուր Քալաշյանը:

«Սա համամարդկային հուշարձան է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: - «Ոչ միայն Հայաստանում, ինձ թվում է` աշխարհում նման հզոր ազդեցությամբ հուշարձանները շատ քիչ են»:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG