Մատչելիության հղումներ

2008 թվական պետբյուջեն ընդունվեց


Ազգային ժողովը արտահերթ նիստում այսօր ընդունեց 2008 թվականի պետբյուջեն: Կողմ քվեարկեցին 87, դեմ` 2, ձեռնպահ` 8 պատգամավորներ:

Դեմ են քվեարկել ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության` նիստին ներկա երկու պատգամավորները, ձեռնպահ` «Օրինաց երկիր» խմբակցությունը:

Պետբյուջեի նախագծի քննարկումը խորհրդարանը ավարտել էր երեքշաբթի օրը:

Երեկ իր ելույթում Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը ասաց, թե «կլինեն դեմ քվեարկողներ», բայց փաստաթուղթը` «երկրորդ սերնդի բարեփոխումների բյուջեն» (Թորոսյանի խոսքերն են), կյանքի կկոչվի:

Բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նույնպես համոզված էր, որ նախագիծը կհաստատվի. - «Նախկին վեց-յոթ տարվա բյուջեները դրա վառ ապացույցն են: Եկող տարվա բյուջեն եւս կատարելու ենք, եւ այստեղ որեւէ ռիսկային բան չկա... Սա այլ կերպ, քան ստվերի դեմ պայքարել, հնարավոր չէ պատկերացնել»:

«Դաշնակցությունը, գնահատելով նաեւ այն, որ ընդունվել են առաջարկությունների մեծ մասը, կողմ է քվեարկելու բյուջե - 2008-ին», - ասաց Դաշնակցություն խմբակցությունից Արծվիկ Մինասյանը:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը ասաց. - «Մենք չենք կարող կողմ քվեարկել մի բյուջեի, որը ռիսկային է իր կատարման տեսակետից, մի բյուջեի, որը պարզապես ժամանակավորապես լուծումներ է տալիս սոցիալական որոշ խնդիրների»:

Դոլարի հաշվարկային արժեքը 2008-ի բյուջեում նախատեսված է մոտ 325 դրամ, եվրոյինը` մոտ 470 դրամ:

Այսպիսով, հաջորդ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերը կազմում են 822 միլիարդ դրամ, եկամուտները` 746 միլիարդ դրամ, դեֆիցիտը` 76 միլիարդ դրամ:

Ծախսային մասը, հաշվի առնելով պատգամավորների առաջարկությունների հաշվառմամբ, ավելացավ 1 միլիարդ 300 միլիոն դրամով:

Ինչպես փոխանցեց Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը, ստացվել էր 331 առաջարկ, որոնցից միայն 144-ն են կարողացել բավարարել:


Աստղիկ Բեդեւյան եւ Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG