Մատչելիության հղումներ

«Ազգային միաբանություն»-ը առաջադրում է Արտաշես Գեղամյանի թեկնածությունը


Երեքշաբթի օրը «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահությունը որոշեց 2008 թվականի նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի թեկնածությունը:

Հիմնավորելով նախագահության որոշումը` «Ազգային միաբանության» ներկայացուցիչները իրենց ելույթներում խիստ քննադատության ենթարկեցին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

«Եթե մենք խոսում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի, նրա թիմի մասին, ապա իրականում նկատի ունենք ընդհատակյա գանձագող բիզնեսմեններին եւ պոպուլիստ ռեւանշիստներին», - իր ելույթում հայտարարեց «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը: - «Անշուշտ, լեւոնապաշտների գաղափարախոսությունը եւ շահերը ժողովրդի իղձերի հետ ընդհանուր ոչինչ չունեն. նրանց փափագած նպատակը, երկիրը ցնցումների եւ շանտաժի ենթարկելով, «ով մեզ հետ չէ, մեր թշնամին է» կարգախոսով, իրենց կուռքին նորից պետության գլուխ կանգնած տեսնելն է»:

«Տեր-Պետրոսյանն անձամբ ինքն է աճեցրել այսօրվա բյուրոկրատիայի եւ օլիգարխիայի բազմաթիվ կարկառուն դեմքերին, ու նրա վրա է ծանրացած քաղաքական աղետների պատասխանատվությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ կազմակերպված սպանությունների եւ բռնությունների, ցուրտ եւ մութ տարիների, ժողովրդի տոտալ աղքատացման եւ ալան-թալանի դրսեւորումները», - փաստարկեց Կարապետյանը` եզրահանգելով. - «Ահա այս վտանգների գիտակցումն է, որ մենք այսօր որոշում կայացրեցինք նախագահական առաջիկա ընտրություններում անպայման առաջադրել Արտաշես Գեղամյանի թեկնածությունը»:

«Ազգային միաբանության» մյուս փոխնախագահ Սարգիս Մուրադխանյանը, իր հերթին, ասաց. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն ական է Հայաստանի ընդդիմադիր դաշտում, Լեւոն Տեր-Պետրոսյանը այլեւ ական է` դրված Հայաստանի պետականության հիմքերում»:

Ինքը` Արտաշես Գեղամյանը, ասաց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկնում է այն, ինչն ինքը 5 տարի շարունակ ասել է Ազգային ժողովի ամբիոնից` ավելացնելով ընդամենը երկու նոր եզր` «կազմաքանդել» եւ «ավազակապետություն»: «Ազգային միաբանության» առաջնորդին հատկապես զայրացրել էր վերջին որակումը. - «Բան ունես ասելու, ասա’ Ռոբերտ Քոչարյանին, ասա’ Սերժ Սարգսյանին: Իրենց վարած քաղաքականությունը, հայոց պետականությունը հանգիստ թողեք»:

Հարցին, թե ինչո՞ւ է հենց Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտվել որպես քննադատության թիրախ, Գեղամյանը արձագանքեց. - «Ազգային միաբանություն» կուսակցությունը հավասարապես մերժում է թե’ նախորդ եւ թե’ գործող իշխանություններին»:

Գեղամյանը հաստատեց, որ վերջերս հանդիպել է վարչապետ Սերժ Սարգսյանի եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

«Հանուն Հայաստանի կայունության», - բացատրեց նա: - «Հանրապետության նախագահի հետ հանդիպումը պայմանավորված էր սեպտեմբերի 7-ին «Ազգային միաբանություն» կուսակցության հնչեցրած առաջարկով, որ անհրաժեշտ է բոլոր քաղաքական ուժերը, լինի իշխանություն թե ընդդիմություն, հանդիպեն եւ քննարկեն հարցերը: Մեր այդ հայտարարությանը հանրապետության նախագահը դրական է արձագանքել, եւ մենք հրավերը ընդունել ենք»:

Վարչապետի hետ հանդիպմանը, Գեղամյանի խոսքերով, քննարկվել է «երկրում ստեղծված ծայրաստիճան ողբալի վիճակը». - «Ես նկատի ունեմ` պառակտվածության առումով, հակամարտություններով հղի զարգացումների առումով... Առանցքային որոշումը, որը կայացվել է, նա է, որ ամենը պետք է անել, որ հանկարծ երկրում վիճակը չապակայունանա, եւ որ հանկարծ դրանից չօգտվեն մեր դարավոր թշնամիները»:

Հարցին, թե ինչպես է, որ հանդիպել է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ, ում նախկինում «կրիմինալ» էր անվանում, Արտաշես Գեղամյանը պատասխանեց. - «Հանուն մեր ժողովրդի, հանուն մեր ազգի»:

«Ինչ վերաբերում է` Լեւոն Տեր-Պետրոսյանին չսատարելով, սատարում են Սերժ Սարգսյանին, [ապա] չարաչար սխալվում եք», - եզրափակեց Գեղամյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG