Մատչելիության հղումներ

Խորհրդարանն ավարտեց 2008 թվական պետբյուջեի նախագծի քննարկումը


Ազգային ժողովը այսօրվա արտահերթ նիստում ավարտեց 2008 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումը: Քվեարկությունը տեղի կունենա, հավանաբար, վաղը:

Իր ելույթում Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը ասաց, թե «կլինեն դեմ քվեարկողներ», բայց փաստաթուղթը` «երկրորդ սերնդի բարեփոխումների բյուջեն» (Թորոսյանի խոսքերն են), կյանքի կկոչվի:

Բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նույնպես համոզված է, որ նախագիծը կհաստատվի. - «Նախկին վեց-յոթ տարվա բյուջեները դրա վառ ապացույցն են: Եկող տարվա բյուջեն եւս կատարելու ենք, եւ այստեղ որեւէ ռիսկային բան չկա... Սա այլ կերպ, քան ստվերի դեմ պայքարել, հնարավոր չէ պատկերացնել»:

«Դաշնակցությունը, գնահատելով նաեւ այն, որ ընդունվել են առաջարկությունների մեծ մասը, կողմ է քվեարկելու բյուջե - 2008-ին», - ասաց Դաշնակցություն խմբակցությունից Արծվիկ Մինասյանը:

Փաստաթղթին կողմ չի քվեարկելու «Ժառանգություն» խմբակցությունը: Խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը ասաց. - «Մենք չենք կարող կողմ քվեարկել մի բյուջեի, որը ռիսկային է իր կատարման տեսակետից, մի բյուջեի, որը պարզապես ժամանակավորապես լուծումներ է տալիս սոցիալական որոշ խնդիրների»:

Ընդդիմադիր մյուս խմբակցությունը` «Օրինաց երկիր»-ը, ինչպես իր ելույթում ասաց Մհեր Շահգելդյանը, ձեռնպահ է քվեարկելու:

Դոլարի հաշվարկային արժեքը 2008-ի բյուջեում կլինի մոտ 325 դրամ, եվրոյինը` մոտ 470 դրամ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG