Մատչելիության հղումներ

Գյուլ. «Անկարան գերադասում է Եվրամիության հեռանկարը»


Թուրքիան ողջունում է Միջերկրական միություն ստեղծելու մասին Ֆրանսիայի առաջարկը, սակայն համարում է, որ այն չի կարող այլընտրանք լինել Եվրամությանը:

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ֆրանսիական «Ֆիգարո» հանդեսին տված հարցազրույցում ասել է, որ Անկարան «շարունակում է Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումները»:

«Մեզ հետաքրքրում է ցանկացած գաղափար, որը վերաբերում է Միջերկրականին, մենք ուսումնասիրում ենք պարոն Սարկոզիի առաջարկը, բայց այն որեւէ պարագայում չի կարող փոխել մեր նպատակները: Անկարան միեւնույն է գերադասում է Եվրամիության հեռանկարը», - «Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Գյուլը եւ հավելել. - «Ես համոզված եմ, որ կգա ժամանակը եւ նրանք, ովքեր այսօր թերահավատորեն են խոսում Թուրքիայի անդամակցության մասին, ի վերջո կհասկանան, որ Թուրքիան շատ բան կարող է տալ Եվրոպական միությանը»:

Նիկոլա Սարկոզին դեռ նախագահ ընտրվելուց առաջ մի քանի անգամ կարծիք է հայտնել, որ Եվրամիության հետագա ընդարձակման կարողությունն այլեւս սպառվել է, ուստի, Թուրքիային հարկ է առաջարկել «սերտ գործընկերության» տարբերակ: Բացի այդ, նա առաջարկել է ստեղծել «Միջերկրական երկրների միություն», որին կանդամակցեն Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Թուրքիան եւ առափնյա այլ պետություններ:

Համերաշխություն հայտնելով Անկարային, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները վերջերս ասել է, որ Միջերկրականի առաջարկը չի կարող դիտվել Եվրամիությանն անդամակցելու այլընտրանք:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG