Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ն Հայաստանին եւս 5.2 միլիոն դոլարի վարկ է տրամադրում աղքատության կրճատման համար


Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը ավարտել է Հայաստանի տնտեսական ցուցանիշների հինգերորդ դիտարկումը Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի (ԱԿՏԱ) եռամյա ծրագրի ներքո, ինչը թույլ է տալիս պայմանագրի շրջանակներում Հայաստանին տրամադրել եւս շուրջ 5.2 միլիոն դոլար: Արդյունքում` ծրագրի ընդհանուր հատկացումը կկազմի շուրջ 31.4 միլիոն դոլար:

ԱՄՀ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդագրության համաձայն, «Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի վարկերը տրամադրվում են տարեկան 0.5 տոկոսով եւ ենթակա են վերադարձի 10 տարի հետո 5.5 տարվա հետաձգմամբ մայր գումարի վճարման գծով»:

Երեկ Վաշինգտոնում կայացած քննարկումների ավարտին ԱՄՀ-ի փոխտնօրեն եւ խորհրդի նախագահի պաշտոնակատար Մուրիլո Պորտուգալը հայտարարել է. - «Հայաստանը շարունակում է օգուտ քաղել երկնիշ տնտեսական աճից, ցածր սղաճից, ցածր հարկաբյուջետային պակասուրդից եւ բարենպաստ պահուստային դիրքից: Ավելին, զգալի առաջընթաց է արձանագրվել աղքատության կրճատման գծով: Մեծ չափերի մասնավոր դրամական փոխանցումները մեղմացրել են արագ աճող ներմուծման ազդեցությունը ընթացիկ հաշվի պակասուրդի վրա: Միջնաժամկետ հեռանկարը դրական է, եւ առկա են բարենպաստ պայմաններ ներդրումների համար»:

«Հայաստանի կենտրոնական բանկը որդեգրել է դրամավարկային քաղաքականության խստացման քաղաքականությունը` սղաճը զսպելու համար, միեւնույն ժամանակ պահպանելով ճկուն փոխարժեքային ռեժիմը», - ասել է ԱՄՀ-ի խորհրդի նախագահի պաշտոնակատարը:

Մուրիլո Պորտուգալը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները «մտադիր են շարունակել կառուցվածքային բարեփոխումների ծրագրի իրականացումը եւ վերացնել լայնածավալ տնտեսական աճին խանգարող վերջին խոչընդոտները»:

«Արտաքին մրցունակության բարելավման համար կարեւոր են ներքին մրցակցության եւ արտադրողականության բարձրացմանը միտված քաղաքականությունները: Հարկային վարչարարության բարելավման ծրագիրը կնպաստի հարկային խուսափումների կրճատմանը եւ գործարար միջավայրի բարելավմանը», - ընդգծել է Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնակատարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG