Մատչելիության հղումներ

logo-print

Միքայել Հարությունյան. «Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա»


«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք մենք չենք տեսնում», - այսօր Աստանայում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը` հակադարձելով պատերազմի անխուսափելիության վերաբերյալ ադրբեջանցի պաշտոնակից Սաֆար Աբիեւի հայտարարությանը:

Ղազախստանի մայրաքաղաքում անցկացված ԱՊՀ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ավարտին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Միքայել Հարությունյանը շեշտել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ են վարում:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության վկայությամբ, Հայաստանի պաշտպանության նախարարը «չափազանց կատեգորիկ» է որակել Աբիեւի հայտարարությունը` հավելելով. - «Նման հայտարարություններ անելու իրավունքը պաշտպանության նախարարինը չէ, երբ գերագույն գլխավոր հրամանատարները` մեր երկրների նախագահները, հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններ են վարում»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը այսօր Աստանայում հայտարարել էր, մասնավորապես, թե «քանի դեռ Ադրբեջանի տարածքները օկուպացված են մնում Հայաստանի կողմից` պատերազմի հավանականությունը գրեթե 100 տոկոս է»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Աբիեւը վստահեցրել է նաեւ, թե Ադրբեջանը մտադիր չէ մոտ ապագայում անդամակցել ՆԱՏՕ-ին. - «Որպես պաշտպանության նախարար` ես հայտարարում եմ, որ ՆԱՏՕ-ի հետ մեր երկրի համագործակցությունը շարունակվում է, իսկ այն մասին, որ Ադրբեջանը մտնելու է ՆԱՏՕ, որոշում դեռեւս չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG