Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, «Նոր ռամկավարը» խորագրի ներքո անդրադառնալով Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության տարրալուծմանը ՀՌԱԿ-ի մեջ, գրում է. - «[ՀՌԱԿ-ը] հայտնի է իր ավանդական, կասեի նույնիսկ` դարավոր ամորֆությամբ եւ բոլոր իշխանությունների նկատմամբ (սկսած կոմունիստներից) մշտական քծնողական վերաբերմունքով: Ռամկավարների հետ երկարատեւ շփումը, հավանաբար, խորը հետք է թողել Բաբայանի հոգում: Հետաքրքիր է նաեւ, որ այլեւս «Դաշինք» պարունակող ՀՌԱԿ-ը` գումարած վերջնականապես մոլորված Ալբերտ Բազեյանը, հավակնում են դառնալ «երրորդ ուժ»: Ով ասես` այս ընտրություններից առաջ չի ձգտում ստանալ այդ «բարձր կոչումը»` Դաշնակցությունը, Կարապետիչը, Գեղամյանը»: Խմբագրի համոզմամբ` քաղաքականության մեջ «երրորդ ուժ» գոյություն չունի. - «Կա իշխանություն եւ ընդդիմություն, եւ այդ երկու կարգավիճակներն էլ հավասարապես հարգելի են: Բայց լինում են գործիչներ, որոնք իշխանության կողքին լինելը մի տեսակ անհարմար են համարում, իսկ որպես ընդդիմություն հանդես գալը` վտանգավոր: Այստեղից է ծնվում «երրորդ ուժի» հեքիաթը»:

«Ազգ» թերթի մեկնաբանը, նախընտրական իրողություններին անդրադառնալով, գնահատել է. - «Բուն քարոզարշավին դեռ չհասած` նախագահական մրցավազքին մասնակցելու հայտ ներկայացրած առնվազն երկու կողմ միմյանց վրա ցեխ են շպրտում` առանց մի պահ անգամ մտածելու, որ ընտրողը նրանցից սպասում է մի խելոք խոսք, իր ցավը դարմանելու գոնե խոստում, իր երեխաների նորմալ ապագայի երաշխավորը լինելու պատրաստակամություն եւ ոչ թե տգեղ լեզվակռիվ»: «Հարկավոր է չզզվեցնել ընտրողին, կանգ առնել, փոխել գործելակերպը», - հորդորել է մեկնաբանն ու եզրակացրել. - «Այսպես կարելի է միմյանց թշնամացած հասարակություն, բուն նպատակը մոռացող թշնամական բանակներ ունենալ, մինչդեռ ընտրություններից հետո այս փոքրիկ երկրի փոքրաթիվ հասարակությունը շարունակելու է ապրել իր սովորական կյանքով: Իրար թշնամացած մարդկանցով հասարակություն կլինի՞»։

Արձանագրելով, որ ընդդիմադիր դաշտի առանցքային լիդերները չարձագանքեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբման կոչին, «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը շեշտադրել է. - «Այն փաստը, որ Հայաստանի ազդեցիկ քաղաքական ուժերից յուրաքանչյուրը ընտրություններում հանդես է գալու սեփական թեկնածուներով, է՛լ ավելի է խառնելու նախկին նախագահի քաղաքական հաշվարկները։ Պատճառն ակնհայտ է. թեեւ Տեր-Պետրոսյանը խոստացել է բանավեճի մեջ չմտնել մյուս թեկնածուների եւ ուժերի հետ, բայց վերջիններս մերժում են նրա «խաղաղասիրական նպատակները» եւ պատրաստվում են «արեւի տակ տեղ» ունենալու համար պայքար մղել ոչ միայն իշխանության թեկնածուի, այլեւ հենց իր՝ Տեր-Պետրոսյանի դեմ։ Ուրեմն վերջինս ո՛չ կարող է անվերջանալիորեն լռել եւ ո՛չ էլ ընդունել նոր մարտահրավերները։ Կասկած չունենք, որ դեկտեմբերի 8-ին նշանակված իր հերթական հանրահավաքից առաջ նախկին նախագահը արձանագրում է սեփական հնարավորությունների անկման այս ակնհայտ միտումը»։

«Լոբբինգ հօգուտ Վահան Հովհաննիսյանի» վերնագրի տակ «Ժամանակ-Երեւան» թերթը փոխանցել է. - «Նախագահի ՀՅԴ հնարավոր թեկնածուներից Արմեն Ռուստամյանը Դաշնակցության, իսկ Վահան Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի թեկնածուն է։ Վարչապետը, ըստ հավաստի տեղեկությունների, դաշնակցական շրջանակներում լուրջ լոբբինգ է իրականացնում իր խնամի Վահան Հովհաննիսյանին անցկացնելու համար։ Նպատակն ակնհայտ է, որպեսզի նա երկրորդ փուլի դեպքում պաշտպանի իրեն։ Նույն աղբյուրի համաձայն՝ Արմեն Ռուստամյանի եւ Վահան Հովհաննիսյանի հարաբերությունները վերջին շրջանում խիստ լարված են, այսինքն՝ իրականանում են այն կանխատեսումները, որոնց անհնարինության մեջ ոչ վաղ անցյալում լրագրողներին փորձում էր համոզել Վահան Հովհաննիսյանը, ասելով՝ զուր հույսեր չունենաք, որ մենք կկռվենք»։

Վերջին օրերին դոլարի թռիչքաձեւ արժեզրկման փաստին անդրադառնալով, «168 ժամ» թերթի խմբագրականը դիտարկել է. - «Ակնհայտ է, որ այս գործընթացը որեւէ օբյեկտիվ հիմք չունի, եւ դրա ամենահավանական բացատրությունը թերեւս այն է, որ այս ճանապարհով իշխանություններն առաջիկա ընտրությունների համար գումարներ են հավաքում»: «Փոխարժեքի տատանման մասին տեղյակ ցանկացած մեկը անցած երկու օրվա ընթացքում կարող էր մի քանի միլիոն դոլար աշխատել», - գրել է թերթն ու հասցեագրել. - «Դրան գրեթե անմիջականորեն նպաստել եւ նպաստում է Կենտրոնական բանկը, որի` անցած շաբաթ կայացրած որոշումներից մեկը կարող է խթանել դոլարի արժեզրկման հերթական փուլը։ Հետեւաբար, առաջիկայում պետք է սպասել դոլարի արժեզրկման նոր ալիքի: Կենտրոնական բանկի գործուն մասնակցությամբ»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG