Մատչելիության հղումներ

Հրանտ Մարգարյան. «Մթնոլորտը, որ ձեւավորվել է, մտահոգիչ է»


Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երկուշաբթի օրը նախագահական ընտրություններից առաջ Հայաստանում ձեւավորված մթնոլորտը «մտահոգիչ» որակեց:

Ստվերային կառավարություն ձեւավորելուն ուղղված ընդդիմադիր մի շարք գործիչների հետ Դաշնակցության կողմից վարվող բանակցությունների վերաբերյալ մամուլի հրապարակումների կապակցությամբ Մարգարյանը ասաց. - «Իսկապես խորհրդակցություններ կան, հանդիպումներ կան: Մթնոլորտը, որ ձեւավորվել է, մտահոգիչ է: Արհեստականորեն ստեղծվում է երկբեւեռ դրություն: Դա ավելի շատ լրատվական միջոցների ստեղծած մթնոլորտն է. նկատի ունեմ երկու գլխավոր թեկնածուների, այսպես ասած` արհեստական մթնոլորտը, որ ստեղծվել է: Բնականաբար, շատ ավելի հիմնական հարցերն է, որ խորհրդակցության նյութ ունեն, եւ ոչ թե պաշտոնների բաժանում»:

Որոշ հրապարակումների համաձայն, Վահան Հովհաննիսյանի` նախագահ ընտրվելու դեպքում վարչապետի պաշտոնն առաջարկվելու է Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանին, իսկ արտգործնախարարինը` «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ քարոզարշավի ընթացքում կամ դեպի երկրորդ փուլ ընդդիմության երկրորդ բեւեռ ստեղծվի նշված ֆորմատով, Հրանտ Մարգարյանը արձագանքեց. - «Ես չգիտեմ` դա ընդդիմության երկրորդ բեւեռ կլինի, թե ընդհանրապես երրորդ կողմ կլինի, իրական ալտերնատիվ կլինի անցյալի՞ իշխանությանը, թե՞ ներկա իշխանությանը: Ես կարծում եմ, ալտերնատիվ կլինի այդ երկուսին... Սա կլինի վեր, այսպես ասած, ներքին հակադրության մթնոլորտից, առճակատման մթնոլորտից»:

Նա համոզված է, որ ընտրություններն անցնելու են երկու փուլով:

Հարցին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի` երկրորդ փուլ անցնելու դեպքում ո՞ւմ կողքին կլինի Դաշնակցությունը, Մարգարյանը պատասխանեց. - «Ես այդ տարբերակին չեմ ուզում պատասխանել, որովհետեւ վստահ եմ, որ մենք ենք անցնելու [երկրորդ փուլ]. Սերժի հետ, թե Լեւոնի հետ` չգիտեմ, բայց մենք ենք անցնելու անպայմանորեն երկրորդ փուլ», - ասաց նա:

Թեկնածուի անունը` Արմեն Ռուստամյա՞ն, թե՞ Վահան Հովհաննիսյան, Դաշնակցությունը կորոշի գալիք ուրբաթ կայանալիք Գերագույն մարմնի արտակարգ ժողովում:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG