Մատչելիության հղումներ

logo-print

«Ռոյալ Արմենիա»-ի գործով դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի 29-ին


Վերաքննիչ դատարանում երկուշաբթի օրը ավարտվեց «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարների նկատմամբ դատաքննությունը. դատավճիռը կհրապարակվի հինգշաբթի օրը` նոյեմբերի 29-ին:

Սուրճի ներմուծմամբ ու փաթեթավորմամբ զբաղվող «Ռոյալ Արմենիա»-ի ղեկավարներին (ընկերության համասեփականատեր Գագիկ Հակոբյանին եւ փոխտնօրեն Արամ Ղազարյանին) Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարանից ազատ էին արձակել. դատավոր Պարգեւ Օհանյանը առաջադրված բոլոր հինգ մեղադրանքներով նրանց անմեղ էր ճանաչել:

Մեղադրող կողմը այս որոշումը բողոքարկում է Վերաքննիչ դատարանում:

Նախագահող դատավոր Սուրեն Ղազարյանը այսօր կարգադրել էր լրագրողներին ներս չթողնել, եւ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գագիկ Հակոբյանի եւ Արամ Ղազարյանի շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանը` ամեն ինչ արել է դատաքննությունը արագ ավարտելու համար:

Ղազարյանը այսօր որոշել է չհետազոտել առաջին ատյանի դատարանում գործով ձեռք բերված ապացույցները եւ թույլ չի տվել պաշտպանական կողմին ներկայացնել միջնորդություններ` դատաքննությունը համարելով ավարտված:

Նախագահող դատավորը փաստաբանին ընդամենը մեկ ժամ է տրամադրել պաշտպանական ճառը նախապատրաստելու համար, ինչը, ըստ Աշոտ Սարգսյանի, օրենքի խախտում է:

Այս ամենը փաստաբանին հիմք է տալիս հայտարարելու, որ Սուրեն Ղազարյանը կատարում է «վերեւից ստացած հրահանգը»:

«Հասկացա, որ իրեն կանչել են եւ շատ խիստ հրահանգավորել են, որ պետք է այսօր ավարտի [դատաքննությունը]», - ասաց Սարգսյանը:

Մեղադրող կողմը Գագիկ Հակոբյանի համար պահանջել է 6 տարվա ազատազրկում (առաջին ատյանի դատարանում պահանջել էր 12 տարի), իսկ Արամ Ղազարյանի համար` 2 տարվա ազատազրկում (առաջին ատյանի դատարանում` 11 տարի)` դա բացատրելով մեղադրանքի մի մասից հրաժարվելով:

Փաստաբան Աշոտ Սարգսյանը վստահեցրեց, որ իրենք շարունակելու են պայքարը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG