Մատչելիության հղումներ

Այսօր Ավստրիայում վերստին հանդիպում են Սերբիայի եւ Կոսովոյի բանագնացները


Ավստրիայում այսօր բանակցելու են Սերբիայի եւ Կոսովոյի ղեկավարները: Հանդիպմանը ներկա կլինեն երկու երկրների նախագահներ եւ վարչապետեր Բորիս Տաջիչն ու Վոյիսլավ Կոշտունիցան եւ Ֆատմիր Շեյգուն ու Ագիմ Չեկուն:

Բադեն ավանում՝ արդիական հյուրանոցի վերածված Վերածննդի դարաշրջանի մի դղյակում, սերբերից եւ ալբանացիներից բացի, հանդիպմանը մասնակցելու են Եվրոպական միության, Ռուսաստանի Դաշնության եւ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դիվանագետները:

Քաղաքական վերլուծաբանների համոզմամբ, այդ հանդիպման հաջողության հավանականությունը գրեթե հավասար է զրոյի, քանի որ չափազանց իրարամերժ են Սերբիայի եւ Կոսովոյի դիրքորոշումները:

Հաշիմ Տաչին, ով, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Կոսովոյի վարչապետ, երեկ հայտարարել է, որ ալբանացիների համար ընդունելի լուծումը միայն անկախությունն է: Ներկայիս վարչապետ Ագիմ Չեկուն երեկ Բադենում նույնն է կրկնել եւ հավելել, որ «հիմա ամբողջ միջազգային համայնքն է գիտակցում, որ անկախությունն է միակ ընդունելի լուծումը»:

Ենթադրվում է, որ Կոսովոն միակողմանիորեն անկախություն կհայտարարի դեկտեմբերի 10-ից հետո, երբ կավարտվի վերջնաժամկետը, որը սահմանվել է բանագնացների օգնությամբ Կոսովոյի կարգավիճակի հարցը միջազգային մակարդակով կարգավորելու համար:

Կոսովոյի նախագահ Ֆատմիր Շեյդուն Բադենում հայտարարել է, թե ալբանացիները պատրաստ են երաշխավորել սերբ փոքրամասնության իրավունքներն անկախ Կոսովոյում:

Սեբիան միանշանակ մերժում է Կոսովոյի անկախությունը: Ինչպես վերջերս վարչապետ Վոյիսլավ Կոշտունիցան է ասել` «նույնիսկ այն դեպքում, եթե փորձ արվի այն քողարկել ինչ-որ մտացածին այսպես կոչված «Կոսովոյի չեզոք կարգավիճակի» ներքո»:

Բանակցություները Բադենում սկսվում են այսօր երեկոյան:

Ռուսաստանն այսօր հանդես է եկել նոր նախաձեռնությամբ` առաջարկելով երկարաձգել Կոսովոյի կարգավիճակի որոշման ՄԱԿ-ի սահմանած վերջնաժամկետը:

«Սերբիայի եւ Կոսովոյի երկխոսությունն անհրաժեշտ է շարունակել նաեւ դեկտեմբերի 10-ից հետո», - Բելգրադում լույս տեսնող «Բլից» պարբերականին տված հարցազրույցում ասել է Բադենում Ռուսաստանը ներկայացնող բանագնաց Ալեքսանդր Բոտսան-Խարչենկոն եւ հավելել, որ վերջին խոսքն այս հարցում, իհարկե, վերապահված է ՄԱԿ-ին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG