Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


(շաբաթ, 24-ը նոյեմբերի)

«168 ժամ»-ը, «Րաֆֆին պրոբլեմ ունի» վերնագրի ներքո անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիության ժամկետը վերանայելու դիմումի մերժմանը նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, գրում է. - «Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվանից պետք է կողմնորոշվի, թե ում կողքին կանգնի առաջիկա նախագահական ընտրություններին: Հուսով ենք, նա իր ընտրազանգվածին վերջին պահին կոչ չի անել քվեարկել «խղճի մտոք», ինչպես սովորաբար անում է ԱԺ-ում կարեւորագույն օրինագծեր ընդունելուց րոպեներ առաջ»:

«Առավոտ»-ի տեղեկություններով, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը ուրբաթ օրը մարզային հեռուստաընկերությունների ղեկավարներին հրավիրել է Երեւան` խորհրդակցության, որի ժամանակ վերջիններիս խիստ հրահանգել է չմասնակցել 2008 թվականի նախագահական ընտրարշավի քարոզչությանը` քաղաքական որեւէ ուժի թեկնածուի քաղաքական գովազդ չտեղադրել, հայտարարություններ չհրապարակել, գովազդային հոլովակների պատրաստմանը չմասնակցել: Թերթի այն հարցին, թե խոսքը վերաբերում է նաեւ ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի՞ն, հեռուստաընկերություններից մեկի ներկայացուցիչը դրական պատասխան է տվել` հավելելով, որ «այսպես թե այնպես Հ1-ը նրա գովազդն անում է»:

Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, պատասխանելով «Առավոտ»-ի հարցին` իրականությանը համապատասխանո՞ւմ է արդյոք նախօրեին թերթերից մեկի հրապարակած լուրը, թե հանդիպումներ ունենալով ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ` ինքն առաջարկել է ապագա իշխանության հետեւյալ կազմը` Վահան Հովհաննիսյան` ՀՀ նախագահ, Վազգեն Մանուկյան` վարչապետ, Րաֆֆի Հովհաննիսյան` արտգործնախարար, ասել է. - «Հանդիպումներ, խորհրդակցություններ միշտ լինում են: Իսկ ապագա կառավարության մասին այդ լուրերը երեւակայական աշխարհից են»:

Հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանը «Հայոց Աշխարհ»-ի միջոցով փոխանցում է. - «Ակներեւ է, որ ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ոչ մի ուժ չի ուզում ընդհանուր բան ունենալ ՀՀՇ-ական այս խմբավորման հետ: Ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցելու ցանկություն ունեցող կամ քաղաքական իր կողմնորոշումը ինքնուրույն հստակեցնող որեւէ ուժ չի ուզում նախընտրական լարում հրահրել կամ անվստահության հասարակական մթնոլորտ ստեղծել ընտրական համակարգի նկատմամբ: Մինչդեռ ՀՀՇ-ական խմբավորումը ճիշտ հակառակն է ցանկանում: Ջուր պղտորել, որ կարողանա իր ուզած ձուկը բռնել: Նրանք հստակ գիտակցում են, որ ժողովուրդը երբեք իրենց քվե չի տալու, եւ ազատ ու թափանցիկ ընտրությունները ակներեւ են դարձնելու իրենց քաղաքական սնանկությունն ու պարտությունը»: «Արդեն հիմա նրանք արդարացումներ են որոնում, ու տեսանելի է, թե ովքեր են հաշվետվության հասցեատերերը», - պատգամավորի խոսքերն է փոխանցում «Հայոց Աշխարհ»-ը:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է. - «Տեցի կռուգի» հայտնի զինված բախման ղեկավարներից մեկը` Լեւոն Ղազարյանը, որը մոտ մեկ տարի առաջ կալանավորվել էր, իսկ հետագայում դատապարտվել էր Արմեն Նովիկովի դեմ մահափորձ կատարելու համար, այլեւս ազատության մեջ է»: «Իհարկե, պաշտոնապես նա համարվում է իր պատիժը կրող դատապարտյալ», - գրում է թերթը, որի ունեցած հավաստի լուրերի համաձայն` վերը նշված քրեական հեղինակությանը ազատելու փաստը կապված է 2008-ի նախագահական ընտրությունների հետ: Ըստ նույն լուրերի, «Ղազարյանին տեսել են «Մարկո Պոլո» սրճարանում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եղբոր` ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի հետ ժամանակ անցկացնելիս»:

Նույն թերթը, անդրադառնալով դոլարի փոխարժեքի անկման փաստին, գրում է. - «Շատ հնարավոր է, որ դրամի երեկվա թռիչքը որոշ մարդկանց սպեկուլյատիվ գործարքների արդյունք լինի, եւ առաջիկա օրերին այս աժիոտաժը դադարի: Բայց ակնհայտ է, որ դրամի արժեւորման աննախադեպ այս տեմպի միտումները մնալու են»: Այս պնդման թերեւս ամենաամուր հիմնավորումը «Հայկական ժամանակ»-ը համարում է այն, որ «առաջիկա նախագահական ընտրություններում իշխանության թեկնածուին շատ, չափազանց շատ փող է անհրաժեշտ, իսկ դրամի արժեւորումը տալիս է լրացուցիչ գումարներ «վաստակելու» հնարավորություն, դրանից ուղղակիորեն շահում են, մասնավորապես, ներկրողները, որոնք էլ պետք է ֆինանսավորեն իշխանության թեկնածուին առաջիկա ընտրությունների ժամանակ»: «Այս պնդումը, ցավոք սրտի, հնարավոր չէ հերքել, որովհետեւ հնարավոր չէ հերքել ակնհայտը», - գրում է թերթը` շեշտելով. - «Սրա միակ հերքումը կլինի այն, որ ներկրվող ապրանքների գները դրամի արժեւորմանը զուգընթաց նվազեն, ինչը Հայաստանում տեղի չի ունենում»: «Իսկ ահա արտադրողների եւ, առավել եւս, արտահանողների շրջանում վերջին ժամանակների դժգոհությունը վերաճել է խուճապի: Վերջիններիս համար դրամի մեկ տոկոս արժեւորումը նշանակում է իրենց արտադրանքի` արտարժույթով արտահայտված գնի ուղիղ մեկ տոկոսի բարձրացում եւ հետեւաբար` մրցունակության ուղիղ մեկ տոկոսի նվազում», - ամփոփում է «Հայկական ժամանակ»-ը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG