Մատչելիության հղումներ

Նախագահ Քոչարյանը մերժել է Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիության ժամկետը վերանայելու դիմումը


Նախագահ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի ստորագրությամբ ստացված նամակով մերժվել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի` Հայաստանի քաղաքացիության ժամկետը վերանայելու վերաբերյալ դիմումը:

«Մերժվել է վերանայել Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիությանը վերաբերող հրամանագիրը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: - «Հիմնավորման մեջ թվարկվում է այն հանգամանքը, որ այդ հրամանագրի արձակումը հիմնված է եղել 1995 թվականին ընդունված Սահմանադրությամբ, որով արգելվել է պահպանելով մի քաղաքացիություն, դառնալ մեկ այլ երկրի քաղաքացի: Կարծում եմ, մենք այստեղ գործ ունենք փաստերի աղավաղման հետ: Այնուհետեւ հղում է կատարվել դատական ատյանների ընդունած որոշումներին` նշելով, որ դրանք պահպանում են իրենց գործողության ուժը (խոսքը 2003 թվականի բողոքարկման մասին է)»:

Րաֆֆի Հովհաննիսյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել 2001 թվականին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով: Հայաստանի առաջին արտգործնախարարը, մինչդեռ, ակնկալում էր, որ քաղաքացիությունն իրեն կշնորհվի 1991 թվականից:

Հայաստանի նախագահ առաջադրվելու համար Սահմանադրության պահանջներից է վերջին տասը տարվա ՀՀ քաղաքացիությունը եւ վերջին տասը տարում երկրում մշտական բնակությունը:

Նախագահական ընտրությունների հետ կապված անելիքները, Ստեփան Սաֆարյանի փոխանցմամբ, «Ժառանգություն»-ը կորոշի կուսակցության ղեկավար մարմնի` առաջիկա օրերին կայանալիք հավաքին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG