Մատչելիության հղումներ

Հայաստանի օմբուդսմենը չի բացառում, որ կլինի հանրահավաքի դուրս եկած քաղաքացիների կողքին


«Եթե հանկարծ այնպիսի իրավիճակ ստացվի, երբ քաղաքացիների իրավունքները համատարած, մասսայական խախտվեն, իհարկե օմբունդսմենը կլինի քաղաքացիների կողքին», - լրագրողների հետ հանդիպմանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, այսօր ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

«Բայց», - անմիջապես ավելացրեց նա, - «օմբուդսմենը, պետք է հաշվի առնենք, միշտ գործում է իրավական դաշտում: Եվ այդ ծայրահեղականությունը կարող է բերել նրան, որ ոմանց համար ցանկալի լինի, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանը ընդհանրապես բան չխոսի, չերեւա, մոռանան նրա մասին, ոմանք էլ կարող են ցանկանալ, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանը ընդդիմադիր կեցվածք ընդունի եւ քաղաքական դաշտ մտնի ընդդիմադիր կեցվածքով»:

«Կարծում եմ, որ բոլորը պետք է հստակ իմանան, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը քաղաքականության հետ որեւէ կապ չունի: Մենք գործելու ենք իրավական դաշտում», - եզրափակեց նա` հավելելով, որ այդ շրջանակներում ցանկացած խնդրի առնչությամբ արձագանքելու են:

Հարցին, թե որեւէ կերպ արձագանքել է այն խնդրին, որ գալիք նախագահական ընտրությունները երկրորդ համապետական ընտրությունները կլինեն, որին չեն մասնակցի Հայաստանի դուրս գտնվող Հայաստանի քաղաքացիները, Հարությունյանը պատասխանեց. - «Մենք այդ հարցով դիմել ենք եւ առաջարկ ենք արել, որ այն քաղաքացիները, որոնք մեր ռեզիդենտներն են եւ դրսում են գտնվում այդ ժամանակաշրջանում, նրանց իրավունքները պետք է վերականգնվեն»:

«Ընդ որում, լուրջ ենք ուսումնասիրել այդ խնդիրը», - շարունակեց նա: - «Պարզվել է, որ կա Եվրոպական դատարանի նաեւ նախադեպային իրավունք, որտեղ նշվում է, որ եթե մարդիկ մշտապես դրսում են ապրում, պետությունը կարող է նրանց ընտրական իրավունք նաեւ չտալ: Բայց եթե քո ռեզիդենտներն են այդ ժամանակահատվածում դրսում, այդ քաղաքացիների ընտրելու իրավունքը անպայման պիտի ապահովի իշխանությունը»:

Օմբուդսմենի այս դիմումը, կարելի է ասել, անարձագանք է մնացել. 2008-ի նախագահական ընտրությունների, ըստ գործող օրենսդրության, չեն մասնակցելու Հայաստանից դուրս ապրող Հայաստանի քաղաքացիները:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG