Մատչելիության հղումներ

Հարկային մարմինները ստուգումներ են անցկացնում Պատարկացիշվիլիի ձեռնարկություններում


«Վեդոմոստի» մոսկովյան պարբերականի փոխանցմամբ, Վրաստանի հարկային եւ ֆինանսական ծառայությունները վերջին օրերին լայնածավալ ստուգումներ են սկսել մեծահարուստ գործարար Բադրի Պատարկացիշվիլիին պատկանող հիմնարկներում, մասնավորապես` «Ջեորջիան գլաս ընդ միներալ» ընկերությունում, որը «Բորժոմի» հանրահայտ հանքային ջուրն է արտադրում: Այդ ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը պատկանում է Պատարկացիշվիլիի սեփականությունը հանդիսացող «Սալֆորդ» ներդրումային ընկերությանը:

«Ուժային կառույցների ներկայացուցիչները ներխուժում են մեր ձեռնարկություններ, ահաբեկում եւ շանտաժի են ենթարկում աշխատողներին, ապա վերցնում են ֆինանսական փաստաթղթերը», - հայտարարել է Բադրի Պատարկացիշվիլին եւ պահանջել է անհապաղ դադարեցնել այդ գործելակերպը:

Մեծահարուստի մամլո խոսնակ Գուգա Կվիտաշվիլին ասել է, որ հարկայինի աշխատակիցները այցելել են նաեւ Թբիլիսիի կրկես, որը նույնպես պատկանում է Պատարկացիշվիլիին, եւ պահանջել են այն փակել, իսկ Բաթումիում փորձում են փակել նրան պատկանող ռեստորանները:

«Վեդոմոստի»-ն հիշեցրել է, որ Թբիլիսիում ընդդիմության ցույցը ոստիկանների կողմից ուժով ցրելուց հետո Պատարկացիշվիլին ասել է, թե ջանք չի խնայի «Վրաստանը Սահակաշվիլիի ֆաշիստական ռեժիմից ազատելու համար», եւ նախագահական արտահերթ ընտրություններում թեկնածու առաջադրվելու պատրաստակամություն է հայտնել:

Մինչդեռ, Վրաստանի դատախազությունը հայտարարել է, որ Պատարկացիշվիլին ցանկանում է «ուժային տարբերակով հեղաշրջում կազմակերպել» եւ քրեական գործ է հարուցել գործարարի նկատմամբ:

Ինքը Բադրի Պատարկացիշվիլին այժմ գտնվում է Լոնդոնում:

«Վեդովոստի»-ն վկայակոչել է վրաց վերլուծաբան Ռամազ Սակվարելիձեին, ով ասել է. - «Պատարկացիշվիլին քաղաքական ասպազերում հզոր ֆիգուր է եւ որոշակի ժողովրդականություն է վայելում: Հարկային ճնշումները, հավանաբար, կիրառվում են գործարարին խաղից դուրս հանելու նպատակով»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG