Մատչելիության հղումներ

Սկսվել է «Զիրվե» հրատարակչության աշխատակիցների սպանության գործով դատավարությունը


Ուրբաթ օրը Թուրքիայի Մալաթիա քաղաքում սկսվել է այս տարվա ապրիլին քրիստոնեական գրականություն հրատարակող «Զիրվե» հրատարակչության երեք աշխատակիցների սպանության մեջ մեղադրվող հինգ երիտասարդների նկատմամբ դատավարությունը:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, դատախազությունը պնդում է, որ 19-20 տարեկան կասկածյալները «ստեղծել են զինված ահաբեկչական կազմակերպություն` իրենց գաղափարախոսությունը ուրիշներին ուժով պարտադրելու համար», եւ բոլոր հինգ կասկածյալների համար պահանջում է ցմահ բանտարկություն:

Ըստ մեղադրական եզրակացության, նրանցից մեկը` 19-ամյա Էմրե Գյունայդինը համարվում է նրանց առաջնորդը եւ սպանությունների կազմակերպիչը:

Ըստ մեղադրական եզրակացության, սպանության օրը հինգ կասկածյալները «Զիրվե» հրատարակչություն էին գնացել` ասելով, թե ցանկանում են զրուցել կրոնի մասին: Որոշ ժամանակ անց նրանք հարձակվել էին զոհերի վրա, գցել նրանց գետնին ու հարցեր տվել նրանց գործունեության նպատակների մասին: Հետո խեղդել էին նրանց սրբիչներով ու կտրել կոկորդները:

Սպանվածներից մեկը Գերմանիայի, երկուսը` Թուրքիայի քաղաքացիներ էին:

Մեղադրական նյութերի համաձայն, կասկածյալների համոզմամբ, քրիստոնյա միսիոներների ակտիվացումը Թուրքիայում մաս է կազմում մի ծրագրի, որի նպատակը մահմեդականությունը խարխլելն է եւ թուրքական պետությունը թուլացնելը:

Քրիստոնեական հրատարակչության աշխատակիցների սպանությունը հաջորդել էր «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG