Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ժամանակ Երեւան»-ը «ՀՅԴ կառավարության կազմը» վերնագրի ներքո գրում է. - «Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանի քաղաքական դաշտում փորձում է ձեւավորել նախընտրական նոր ֆորմատ: ՀՅԴ-ն լավ է հասկանում, որ իր թեկնածուն` առանձին վերցրած ոչ միայն հաղթելու շանս չունի, այլեւ կարող է այնպես ձախողվել, որ Դաշնակցությունն այլեւս չկարողանա ոտքի կանգնել: Ուստի ՀՅԴ-ն հանդես է եկել մի հետաքրքիր նախաձեռնությամբ` փորձում է ձեւավորել նախընտրական բլոկ` իր թեկնածուի շուրջ»: Այդ բլոկի հիմքում, ըստ թերթի, ընկած է ապագա կառավարության կազմի գաղափարը, որի հետ պետք է աշխատի ընտրություններում հաղթած դաշնակցական նախագահը: «Հետաքրքրականն այն է, որ «այլընտրանքային կառավարություն» Դաշնակցությունը փորձում է ձեւավորել ընդդիմադիր դաշտի չկողմնորոշված լիդերներից»: Այդ պատճառով ՀՅԴ առաջնորդ Հրանտ Մարգարյանն այս օրերին հանդիպումներ է ունենում ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ, որոնց համոզում է, որ սույն միավորումը այլընտրանք է լինելու եւ Սերժ Սարգսյանին, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին», - գրում է «ժամանակ Երեւան»-ը` հավելելով. - «Դաշնակցական պատկերացումը ապագա կառավարության վերաբերյալ հետեւյալն է. նախագահը լինելու է ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, վարչապետը` ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը, արտգործնախարարը` Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե համաձայնի»:

«Հայոց Աշխարհ» թերթի վերլուծաբանը կանխատեսելով, թե «ներկա ընտրությունները խոստանում են արձանագրել նախագահացուների թվաքանակի աննախադեպ աճ, որը կարելի է գրանցել Գինեսի ռեկորդների գրքում», շեշտադրել է. - «Բայց խնդիրն այն է, որ մեզ պարտադրվող 15-20 թեկնածուներից բաղկացած ցանկն ընտրապայքարի ինչ-որ մի հանգրվանում, այնուամենայնիվ, պետք է ներկայանա հանրությանը։ Եվ այսօրվանից արդեն ակնհայտ է, որ այդ «ներկայացումը» թողնելու է անպաշտպան մարդկանց վրա գրոհող մորեխների պարսի առաջ բերող ցավալի ու տխուր տպավորություն։ Նրանց փոխադարձ վիրավորանքների, մեղադրանքների, զազրախոսությունների ալիքը կարող է ուղղակի դժոխային մթնոլորտ ստեղծել հասարակության ներսում եւ հանգեցնել քաղաքականության հանդեպ նրա մեջ առանց այդ էլ արմատավորված բացասական պատկերացումների է՛լ ավելի խորացմանը»։

«Հայաստանում նախագահական ընտրության ներկայիս ժամկետը եւ գրաֆիկը միանգամայն համապատասխանում են իշխանական թեկնածուի շահերին եւ, ընդհակառակը, հակասում են ընդդիմության թեկնածուի շահերին», - զուգահեռել է այսօր «Տարեգիր» թերթի խմբագրականը ու պատկերել. - «Մինչ նախագահի թեկնածուները հունի մեջ մտնեն, ձմեռը կմտնի իր իրավունքների մեջ, եւ եթե հաշվի առնենք նաեւ, որ առնվազն մի տասնհինգ օր էլ ամանորն է նախընտրական տրամադրություններից խլելու, վերջնականապես պարզ կդառնա, որ ընդդիմությունը ժամանակի առումով մեծ դեֆիցիտ ունի։ Եթե ասվածին գումարենք այն հանգամանքը, որ այդ ամբողջ ընթացքում ազատ ու պատասխանատու եթերից իշխանական թեկնածուն ու նրան սատարողները օրուգիշեր ծլվլալու են, պարզ կդառնա, որ ընդդիմությունն ու ըննդիմության թեկնածուները ժամանակ կորցնելու իրավունք չունեն»։

Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության շուրջ համախմբման կոչին ընդդիմադիր մյուս թեկնածուների հնարավոր արձագանքին անդրադառնալով, «Իրավունք»-ի խմբագրականը գնահատել է. - «Դժվար է Հայաստանի առաջին նախագահին կասկածել միամտության եւ բարեհոգության, առավել եւս՝ իրականությունն անտեսելու եւ իրավիճակը սթափ չգնահատելու մեջ։ Թեկուզեւ ընդդիմության միավորումը շարունակում է մնալ օրակարգային խնդիր եւ կարծես համապատասխանում է երկրի բնակչության զգալի մասի ձգտումներին, այդուհանդերձ, այդ պահանջը բազմաթիվ սուբյեկտիվ պատճառներով, ինչպես նաեւ իշխանությունների նպատակամղված գործողությունների շնորհիվ բացարձակապես հեռանկար չունի»։

Նույն թեմային անդրադառնալով, «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը փոխանցել է. - «Կարելի է գուշակություններ անել, թե նրանցից ով է անկեղծ, իսկ ով՝ գործարքի մեջ մտել իշխանության թեկնածուի հետ։ Թերեւս կա նաեւ «միջին տարբերակը», որը կարելի է ձեւակերպել մոտավորապես հետեւյալ կերպ. «Առաջադրվեմ, շահեմ իմ 3-4 տոկոսը, որից հետո «բազար անեմ» երկրորդ փուլ անցած թեկնածուների հետ»։ «Ըստ էության, դա նախնական գործարքից առանձնապես չի տարբերվում, ուղղակի առեւտուրը հետաձգվում է երեք ամսով», - հավելել է գլխավոր խմբագիրը։

Մեկնաբանելով Ազգային ժողովրդավարական միության առաջնորդ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, ըստ որի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, եթե այն լինի, հնարավոր է ինքը պաշպանի Դաշնակցության թեկնածուին կամ հակառակը «Իսկական իրավունք»-ի գլխավոր խմբագիրը պնդել է. - «Պարզ է, որ վաղուց առկա է պայմանավորվածություն, քանի որ ՀՅԴ-ի եւ Ռոբերտ Քոչարյանի կապերը ակնհայտ է, ապա պարզ է, որ այդ ալյանսին հավանաբար խառն է եւ գործող նախագահի մատը։ Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը ըստ ամենայնի, ձգտում է ստեղծել, այսպես կոչված «երրորդ բեւեռ», որը տարբերվում է ե՛ւ Սերժ Սարգսյանից, ե’ւ Լեւոն Տեր Պետրոսյանից»։ Ըստ գլխավոր խմբագրի, այս անգամ «քոչարյանական» բեւեռի հիմնական բաղադրիչները պետք է լինեն դաշնակցականներն ու Վազգեն Մանուկյանը, եւ բնականաբար, ՀՅԴ-ի թեկնածուի վրա աշխատելու է նախագահականի ունեցած վարչական ռեսուրսի զգալի մասը»։

«Ժամանակ-Երեւան» թերթի տեղեկությունների համաձայն՝ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամները «խիստ վիրավորված են, որ իրենց անմիջական աջակցությամբ Ազգային ժողովի փոխխոսնակ դարձած Արեւիկ Պետրոսյանը դուրս չի գալիս դաշնակցական ֆրակցիայի սենյակից». - «Նրանք ասում են, որ Պետրոսյանի քվեարկության ժամանակ ե'ւ քվեարկել են, ե'ւ լցոնումներ են արել, սակայն, այդ կինը չգնահատելով իրենց արածը, վերադարձել է այն կուսակցության գիրկը, որտեղ եղել է 2003 թվականին»։ Թերթը հիշեցրել է, որ 2003 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Պետրոսյանը ՀՅԴ-ի համամասնական ցուցակում էր։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG