Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր»-ը չի միանա Լեւոն Տեր-Պետրոսյանին


«Օրինաց երկիր» կուսակցությունը առաջիկա նախագահական ընտրություններում կառաջադրի կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը:

Կուսակցության` երեկ երեկոյան տեղի ունեցած քաղաքական խորհրդի նիստում, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին «Օրինաց երկիր»-ի մամուլի ծառայությունից, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ Հայաստանի առաջին նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նոյեմբերի 16-ի կոչը` իրեն որպես նախագահի թեկնածու միանալու եւ ընտրական խախտումների դեմ պայքարի ուղղությամբ ընտրական օրենսդրությունը կատարելագործելու վերաբերյալ:

«Նիստում ընդգծվեց, որ «Օրինաց երկիր» կուսակցության վարչությունն արդեն իսկ ընդունել է համապատասխան որոշում կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ, եւ այն հրապարակվել է դեռեւս մեկ ամիս առաջ», - ասված է կուսակցության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Կուսակցության քաղխորհուրդը կարեւորել է «Արթուր Բաղդասարյանի շտաբի եւ այլ ընդդիմադիր թեկնածուների շտաբերի, այդ թվում Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա նախընտրական շտաբի միջեւ շփումները եւ համագործակցությունը` ուղղված արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը եւ ընտրախախտումների դեմ պայքարին»:

Նիստում որոշվել է նաեւ «հանձնարարել է ՕԵԿ պատգամավորական խմբակցությանը` Ազգային ժողովում հանդես գալ ընտրական օրենսգրքի վերջին քննարկումների ընթացքում ՕԵԿ եւ ընդդիմադիր մյուս ուժերի մերժված առաջարկություններն արտահայտող օրենսդրական նոր նախաձեռնությամբ` դրանում ներառելով նաեւ քվեաթերթիկներն արտերկրում տպագրելու եւ քվեարկությանը մասնակցող ՀՀ քաղաքացիների մատները թանաքոտելու տարածված կարգի կիրառման առաջարկությունները». - «Կուսակցության քաղաքական խորհուրդը կարեւորում է նաեւ միջազգային կառույցների փորձագիտական գնահատականները առաջարկվող նոր նախագծի առնչությամբ, ինչի նպատակով նախագիծը կուղարկվի նաեւ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողով, ԵԱՀԿ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վարշավյան գրասենյակ»:

Քաղաքական խորհուրդը նախընտրական շտաբի ղեկավար է առաջադրել կուսակցության փոխնախագահ, «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG