Մատչելիության հղումներ

Նախընտրական հեռուստաեթերում «միանշանակ նահանջ» է արձանագրվել


Երեւանի մամուլի ակումբը եւ «Թիմ» հետազոտական կենտրոնը հինգշաբթի օրը հրապարակեցին «ՀՀ 2008 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների դիտարկման միջանկյալ հաշվետվությունը»: Մեր հեռուստաեթերում, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի գնահատմամբ` «աննախադեպ բաներ են այսօր կատարվում»:

Հոկտեմբեր ամսվա ընթացքում դիտարկվել են 7 հեռուստաընկերությունների (Հ1, Հ2, «Արմենիա», «ԱԼՄ», «Երկիր մեդիա», «Կենտրոն» եւ «Շանթ») եւ Հանրային ռադիոընկերության հաղորդումները:

Դիտարկման հիմնական նպատակն էր, ըստ Նավասարդյանի, պարզել, թե որքան համարժեք են լրատվամիջոցները լուսաբանում գործընթացները եւ ինչպիսի տեղեկատվություն է հասնում հասարակ ընտրողին. - «Համեմատությամբ նախորդ նախընտրական փուլերին` քարոզչության առումով դա միանշանակ նահանջ է հետ, քանի որ այդպիսի սուր հակադրություն մենք երեւի վաղուց չենք ունեցել»:

«Կարելի է ինչ-որ չափով համեմատել 96-ի, 98-ի հետ, բայց 96-ին այդպիսի սրություն մենք ստացանք ընտրություններից երեւի երկու շաբաթ կամ 20 օր առաջ», - շարունակեց նա: - «Հիմա փաստորեն դեռ մի քանի ամիս կա մինչեւ ընտրությունները, բայց սրությունը աննախադեպ է այս ժամանակաշրջանի համար»:

Լրատվամիջոցների հիմնական ուշադրությունը, ըստ դիտարկման, կենտրոնացած է երկու հիմնական թեկնածուներ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա` մեկ էական տարբերությամբ. Սերժ Սարգսյանը բոլոր ալիքներում բացառապես դրական կերպարով է ներկայացվում, Լեւոն Տեր-Պետրոսյանը` բացասական:

«Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ միանգամայն բացասական թվեր են այստեղ», - ասաց Բորիս Նավասարդյանը: - «Չենք կարող հիշել որեւէ դիտարկում, երբ ընտրություններից մի քանի ամիս առաջ որեւէ քաղաքական գործիչ այդքան բացասական լուսաբանում ստանար»:

Հայաստանյան հեռուստաեթերին այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է նաեւ նախկին արտգործնախարար, Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակի տնօրեն Ալեքսանդր Արզումանյանը` իրավիճակը գնահատելով որպես «տեղեկատվական բլոկադա»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Արզումանյանը ասաց, որ մինչեւ այսօր որեւէ հեռուստատեսություն Լեւոն Տեր-Պետրոսյանին որեւէ ֆորմատով ելույթ ունենալու կամ բանավեճի մասնակցելու առաջարկ չի արել:

«Սա Հայաստանի հասարակությանը հայտարարված տեղեկատվական բլոկադա է, որի պատասխանատուները Քոչարյանը եւ Սարգսյանն են», - շարունակեց Արզումանյանը` հավելելով:


Աստղիկ Բեդեւյան եւ Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG