Մատչելիության հղումներ

Միկլոշ Հարաշտին Թբիլիսիում է


ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին այսօր Թբիլիսիում քննարկելու է Վրաստանում զանգվածային լրատվամիջոցների ոլորտում ստեղծված իրավիճակը:

ԵԱՀԿ-ի Վիեննայի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` Հարաշտիի հետ Թբիլիսիում է նաեւ Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:

Հարաշտին վրաց պաշտոնյաների հետ զրույցներում նախ եւ առաջ կանդրադառնա «Իմեդի» («Հույս») անկախ հեռուստակայանի փակման թեմային:

«Լուրերը տարբեր միջոցներից ստանալու հնարավորությունը հատկապես կարեւոր է նախագահական ընտրությունների նախօրեին: «Իմեդի»-ն տեղեկատվության այլընտրանքային աղբյուր է», - ասել է Հարաշտին:

ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունը նշում է, որ երեկ Վիեննայում Հարաշտին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ, ով առաջիկայում նախագահական արտահերթ ընտրությունների կապակցությամբ ժամանակավորապես կստանձնի Վրաստանի նախագահի լիազորությունները:

Միկլոշ Հարաշտին Թբիլիսիում մտադիր է հանդիպել կառավարության պաշտոնյաների, քաղաքական գործիչների, իրավաբանների, մամուլի աշխատակիցների, այդ թվում «Իմեդի»-ի ղեկավարների եւ լրագրողների հետ:

«Իմեդի»-ն լուսաբանել է Թբիլիսիում հակակառավարական ցույցերը: Նոյեմբերի 7-ին ոստիկանները գրավել էին հեռուստակայանի կենտրոնը եւ պարտադրել էին ընդհատել եթերը: Կառավարությունը «Իմեդի»-ին մեղադրել է հակակառավարական գործունեության մեջ: Նոյեմբերի 8-ին Թբիլիսիի դատարանը երեք ամսով «Իմեդի»-ին զրկել է արտոնագրից, ինչից հետո Վրաստանի կապի պետական կոմիտեն դադարեցրել է հեռուստակայանի հաղորդումների հեռարձակումը:

Վաղը ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին մամուլի ասուլիս է հրավիրելու:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG