Մատչելիության հղումներ

«Ստրատֆոր». «Էներգակիրների հարցում Ադրբեջանը Ռուսաստանի մրցակիցն է դառնում»


Էներգակիրների հարցում Ադրբեջանը Ռուսաստանի մրցակիցն է դառնում: Նման կարծիք են հայտնել «Ստրատֆոր» հետազոտական կենտրոնի վերլուծաբանները` բխեցնելով, թե «Մոսկվան ավելացած հետաքրքրություն ունի` ոչ միայն Հայաստանին եւ Ադրբեջանին սպառազինելու, այլեւ տեսնելու անկայուն Ադրբեջան` ներքաշելով նրան հակամարտության մեջ»:

«Ստրատֆոր»-ի մեկնաբանների վկայությամբ, երեկ Վրաստանում տեղի է ունեցել ոչ միայն Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարության մեկնարկի արարողությունը, այլեւ Վրաստանի ու Ադրբեջանի նախագահները Կուլեւի նավահանգստում բացել են նավթային տերմինալ, որը հնարավորություն է տալիս շատ ավելի նավթամթերքներ առաքել Արեւմուտք` շատ ավելի գումարներ բերելով Ադրբեջանին:

Ադրբեջանի նավթային պետական ընկերության` SOCAR-ի կառուցած տերմինալի տարողությունը օրական 100 հազար բարել է, իսկ ապագայում ակնկալվում է կրկնապատկել այն:

Վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանի ու Եվրոպայի էներգետիկ համագործակցությունը իրականացվում է Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատարով, վերջերս շահագործման հանձնվեց Թուրքիան Հունաստանին միացնող գազատարը, որի միջոցով ադրբեջանական գազը կմղվի Եվրոպա` հասնելով Իտալիա, Կուլեւիի տերմինալը երրորդ հնարավորությունն է ադրբեջանական նավթամթերքները առաքելու համար:

«Կուլեւիի տերմինալը Ադրբեջանին մեծ հաջողություններ կբերի, հատկապես` ֆինանսական», - գրում են «Ստրատֆոր»-ի մեկնաբանները, նշելով, որ Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատարի շահագործման առաջին տարին Ադրբեջանին 3 միլիարդ դոլար բերեց, եկամուտներ են սպասվում Թուրքիա - Հունաստան գազատարից:

«Էներգակիրներից Ադրբեջանի ստացած եկամուտների կրկնապատկումը մեծ անհանգստություն է պատճառում հարեւանին, որովհետեւ դրանց մեծ մասը ուղղվում է սպառազինությանը», - ասված է «Ստրատֆոր»-ի վերլուծականում: - «Ադրբեջանի պաշտպանության բյուջեն մի քանի հարյուր միլիոն դոլարից անցած տարի հասավ մեկ միլիարդի: Ադրբեջանը իր միջոցներով սպառազինվում է, եւ հարեւան Հայաստանը ուշադրությամբ հետեւում է զարգացումներին»:

«Ադրբեջանի սպառազինումը հարց է առաջացնում` արդյո՞ք Բաքուն մեկ այլ զինված բախում է պլանավորում հարեւան երկրի հետ, որը դուրս է մնացել տարածաշրջանի էներգետիկ հարստություններից», - ընդգծում են «Ստրատֆոր»-ի վերլուծաբանները:

«Կա նաեւ մեկ այլ խաղացող` Ռուսաստանը», - նշում են «Ստրատֆոր»-ի մեկնաբանները. - «Մոսկվան Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների մաս է կազմում: Եթե հակամարտությունը նորից բռնկվի, Ռուսաստանը, անկասկած, կմիջամտի` որպես «հզոր միջնորդ»: Հիմա այն երկակի խաղ է խաղում` Ադրբեջանին ու Հայաստանին ապահովելով սպառազինություններով, չնայած Բաքուն ակհայտորեն իր միջոցներն ունի սպառազինությունների համար»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG