Մատչելիության հղումներ

Երեկվանից Ֆրանսիայում պաշտոնական մակարդակով հետաքննություն է սկսվել ֆինանսական չարաշահումների մեջ մեղադրանքների կապակցությամբ, որոնք արդեն տեւական ժամանակ հասցեագրվում են երկրի նախկին նախագահ Ժակ Շիրակին:

Ըստ դատավորների, սկսված հետաքննությունը արդեն իսկ վկայում է, որ նախկին նախագահի դեմ ծանրակշիռ փաստեր կան, եւ դրանց հաստատվելու դեպքում Շիրակի նկատմամբ դատական գործ կհարուցվի:

Մեղադրանքները վերաբերում են 1983-95 թվականներին, երբ Շիրակը զբաղեցնում էր Փարիզի քաղաքապետի պաշտոնը եւ միաժամանակ գլխավորում «Միավորում հանուն հանրապետության» կուսակցությունը: Ըստ դրանց, տվյալ ժամանակահատվածում Փարիզի քաղաքապետարանում լուրջ ֆինանսական միջոցներ են փոշիացել. բացվել են ապօրինի աշխատատեղեր, որոնց հատկացված միջոցների հաշվին էլ ֆինանսավորվել են կուսակցությունը եւ դրա ակտիվիստները:

Ժակ Շիրակի փաստաբան Ժան Վեյլը հայտնել է, որ չարաշահումների մասին գործի փաստաթղթերը հաշվվում են 15 հատոր` 30 հազար էջով:

Այդ գործով դատարանը արդեն վճիռ է կայացրել Շիրակի մի քանի մերձավորների նկատմամբ: Նրանց թվում է Ֆրանսիայի նախկին վարչապետ Ալեն Ժյուպեն, ով 2004 թվականի հունվարին կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվեց մեկեւկես տարվա պայմանական ազատազրկման:

Այդուհանդերձ, Շիրակի մեղսակցությունը կամ օժանդակությունը դատարանը չի կարողացել ապացուցել, քանի որ մինչեւ այս տարվա հունիսի 16-ը իրավունք չուներ նրան հարցաքննել նույնիսկ իբրեւ վկա. միայն այդ օրն է ուժը կորցրել դատական անձեռնմխելիության ժամկետը, որից նա օգտվել է որպես Ֆրանսիայի նախագահ:

Ինքը Շիրակը կտրականապես հերքում է իրեն հասցեագրվող մեղադրանքները` պնդելով, թե Փարիզի քաղաքապետարանում աշխատատեղերը բացվել էին օրենքի շրջանակներում, եւ դրա անհրաժեշտությունը եղել է:

«Ես մրցույթ եմ հայտարարել, ընտրություն եմ կատարել այդ աշխատատեղերի համար դիմողների միջեւ` ինչպես սահմանված է օրենքով: Քաղաքապետարանի միջոցները օգտագործվել են բացառապես քաղաքացիների համար: Երբեք խոսք չի եղել ինչ-որ մեկի հարստանալու մասին», - հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահը «Lը Մոնդ» պարբերականին տված հարցազրույցում:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG