Մատչելիության հղումներ

Հրանտ Բագրատյան. «Հայաստանում հիմնական պրոբլեմը մենաշնորհներն են»


Հայաստանի նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի գնահատմամբ, Հայաստանի տնտեսության մեջ այսօր «իշխում են մենաշնորհային ոլորտները»:

Լրագրողների հետ չորոքշաբթի օրը կայացած հանդիպմանը նախկին վարչապետը ասաց, թե այսօր Հայաստանում «շուկա չկա», «մանրածախ ու մեծածախ համակարգերը կենտրոնանում են». - «Մեզ մոտ հիմնական պրոբլեմը մենաշնորհներն են: Այդ Սերժ Սարգսյանն էր, որ 98-ին բենզինի 27 ներմուծողներին փոխարինեց երկու իր ընկերներով: Այդտեղից սկսվեց այս իշխանության փողի կուտակումը»:

Ասուլիսում Բագրատյանը, ի պատասխան լրագրողների հարցերին, բավական շատ խոսեց «նախկինների» եւ «ներկաների» վարած տնտեսական քաղաքականության մասին:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե, վերանալով «նախկինների» ու «ներկաների» միջեւ զուգահեռներից եւ նայելով ապագային, ինչպիսի՞ն պետք է լինեն ապագա տնտեսական ծրագրերը, Բագրատյանը ասաց. - «Թույլ տուր ռեպլիկ անեմ առաջինի մասին` նախկինների եւ ներկաների վիճակը. հիմա ես ի՞նչ ասեմ, որ երրորդ քաղաքական ուժը չի ծնվել... [Եթե] մեր մասին է խոսքը, կա նաեւ հոյակապ ծրագիր` դեպի առաջ նայող, լրիվ ուրիշ ծրագիր, որը ժամանակին կհնչեցվի.. Մենք ունենք ծրագիր. շատ ճիշտ, լիբերալ, բացարձակապես տարբերվող... Կգա օրը` կհրապարակվի»:

Այդուամենայնիվ, նախկին վարչապետը որոշ կետեր այդ ծրագրից ներկայացրեց. - «Երեւանի կենտրոնում շինարարության հարկումը պետք է լինի 50 տոկոս` 10 սարքած բնակարաններից 5-ը պետք է լինեն պետությանը: Վանաձորում պետք է լինի զրո [տոկոս], իսկ Շամշադինում եւ Գորիսում, կամ Վարդենիսում, երբ մարդը սարքում է 10 մետր, պետությունն ասում է` 5-ի փողը ես եմ տալիս»:

Պատասխանելով կրկին «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է գնահատում Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթգծի տարածաշրջանային ծրագիրը, որի շինարարության սկիզբն ազդարարող արարողությունը երեկ տեղի է ունեցել Վրաստանի Մարաբդա երկաթուղային կայարանում, Բագրատյանը ասաց. - «Մեկուսացումը քաղաքական հետեւանք է ունենալու: Եթե առանց Հայաստանի կարողանում են բոլորը յոլա գնալ, ապա մի օր էլ [հարց] կծագի` եթե տնտեսապես յոլա ենք գնում, քաղաքականապես այդ երկիրն ո՞ւմ է պետք... »:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG